Թաղման նպաստը չի կրճատվի․ Թորոսյանը հայտարարեց աղմկահարույց նախաձեռնությունից հրաժարվելու մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբեր․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի, հայտնել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշել է, որ վերջին շրջանում նախարարությունն ուներ օրենսդրական փոփոխությունների մի շարք նախաձեռնություններ, որոնցից մեկը թաղման նպաստի շահառուների ցանկի վերանայումն էր՝ այն ավելի հասցեական դարձնելու նպատակով։
«Ուզում էի տեղեկացնել, որ մենք նայել ենք, հետևել ենք հանրային արձագանքներին, ինչպես նաև քննարկումներ ենք ունեցել մեր գործընկերների հետ Ազգային ժողովում՝ անցյալ շաբաթ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, և որոշում ենք կայացրել այդ մասով մեր նախաձեռնությունը առաջ չտանել, այսինքն՝ որևէ փոփոխություն չիրականացնել», - ասել է Թորոսյանը Facebook-յան իր էջում հրապարակած տեսանյութում։
Նախարարը հայտնել է, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք ներկայիս կարգավորումներով պետք է ստանային այդ նպաստը, կշարունակեն ստանալ։
«Այսինքն` այս մասով որևէ փոփոխություն չի նախաձեռնվի և օրենքի նախագիծը, որը մենք դրել էինք հանրային քննարկման, Ազգային ժողով չի ուղարկվի», - նշել է Թորոսյանը։
Նշենք, որ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է 2027 թ.-ի հունվարի 1-ից նեղացնել թաղման նպաստի շահառուների շրջանակը, իսկ խնայված միջոցներն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը։

