Բաշկիրիայում ձեռներեցի առևանգման գործով հայաստանցի է ձերբակալվել

Բաշկիրիայի ՆԳՆ-ի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանման աշխատակիցները չորեքշաբթի երեք մարդ են ձերբակալել, որոնք կասկածվում են փրկագին ստանալու նպատակով Մելեուզ քաղաքում ձեռներեցի առևանգման մեջ, հանցագործության մասնակիցներից ևս մեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Մաքսիմ Ռոդիոնովը:
Նրա խոսքերով՝ չորս տղամարդ, որոնցից երկուսը Չեչնիայից են, մյուսները՝ Հայաստանից և Ղազախստանից, նախորդ երեքշաբթի առևանգել են Մելեուզի մի բնակչի՝ փրկագին ստանալու նապատակով: Գործակալության զրուցակիցը չի նշել փրկագնի գումարը:
Նրա խոսքերով՝ չորեքշաբթի առևանգողներից երեքը ձերբակալվել են, մեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ձեռներեցն ազատ է արձակվել:
Ձերբակալման պահին հանցագործները իրավապահների ուղղությամբ կրակ են բացել, վիրավորների կամ տուժածների մասին տեղեկություն չկա:
«Հայաստանցու տվյալների ստուգման ժամանակ պարզվել է, որ նա իր հայրենիքում հետախուզման մեջ է գտնվում «դասալքության» հոդվածով հանցագործություն կատարելու համար: Նրա մոտ զինամթերք է հայտնաբերվել», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքերով՝ այժմ Բաշկիրիայի իրավապահ մարմինները փնտրում են հանցագործության չորրորդ մասնակցին: Նա 37-ամյա Դմիտրի Բելիկովն է, ով Բաշկիրիա է եկել Ղազախստանից, նա գտնվում է դաշնային հետախուզման մեջ՝ հակահասարակական գործողությունների կատարման մեջ անչափահասի ներգրվելու համար:
«Այժմ դեպքի վայրում աշխատում է Բաշկիրիայի ՆԳՆ-ի և ՌԴ Դատախազությանն առընթեր Քննչական կոմիտեի քննչական վարչության համատեղ խումբը», - տեղեկացրել է Ռոդիոնովը:-0-