Ուժային կառույցները հաստատել են մարտի 29-ին Մոսկվայի «Լուբյանկա» մետրոյի կայարանում իրեն պայթեցրած մահապարտի անձը, դա 1982 թ.-ին ծնված դաղստանցի Մարիամ Շարիպովան է, հաղորդում է դաշնային Ազգային հակաահաբեկչական կոմիտեի օպերատիվ շտաբը:
Մարտի 29-ի առավոտյան «պիկ ժամին» 45 րոպե տարբերությամբ Մոսկվայի «Լուբյանկա» և «Պարկ կուլտուրի» կայարաններում տեղի է ունեցել երկու պայթյուն: Հետաքննությունը պայթյունները որակում է որպես ահաբեկչություն: Վերջին տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով 40 մարդ զոհվել է, 80-ից ավելին՝ վիրավորվել:
«Առկա տվյալների համաձայն՝ մահապարտուհին հանրապետության տարածքում գործող հանցավոր խմբի պարագլուխ Վագապով Մագոմեդալիի կինն էր», - ասվում է տեղեկատվության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ԱՀԿ-ի տվյալներով՝ Շարիպովան ծնվել է Դաղստանի Ունցուկուլսկու շրջանի Բալախանի գյուղում:
«Ստացված տվյալները փոխանցվել են ՌԴ դատախազությանն առընթեր Քննչական կոմիտե՝ հետագա ընթացակարգային ամրագրման համար: Իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունը», - ասվում է տեղեկատվության մեջ:
ՌԴ ՀԱԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Պարկ կուլտուրի» կայարանի պայթյունը ևս իրականացրել է դաղստանցի Ջանետ Աբդուրահմանովան (Աբդուլլաևա), ով ծնվել է 1992 թ.-ին և բնակվել է Դաղստանի Խասավյուրտովսկի շրջանում:
Նախորդ հինգշաբթի ՌԴ նախագահի մասնակցությամբ Մախաչկալայում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ԱԴԾ-ի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել էր, որ հաստատվում է այն վարկածը, ըստ որի՝ Ռուսաստանում իրականացված վերջին ահաբեկչությունները կապված են Հյուսիսային Կովկասի հանցավոր խմբերի հետ: Ահաբեկչությունների կազմակերպիչներն անհատապես հայտնի են, գործով կան ձերբակալվածներ, ասել է ԱԴԾ-ի ղեկավարը:
ԱԴԾ-ի տնօրենը նաև վստահեցրել է, որ հատուկ ծառայություններն իրենց գործը կհասցնեն ավարտին, նա կոչ է արել շրջանների ղեկավարներին և Հյուսիսկովկասյան օկրուգի իրավապահ կառույցներին «հստակ օգտագործել տեղեկատվությունն ու ճիշտ տնօրինել այն»:-0-