Կրեմլում պատրաստվում են նախագահի երդման արարողությանը

02.04.2008, 12:44
Կրեմլում պատրաստվում են նախագահի երդման արարողությանը

Կրեմլում համատեղել են տարածքների բարեկարգման գարնանային պլանային աշխատանքները մարտի 2-ին ընտրված Ռուսաստանի նախագահի երդման արարողության նախապատրաստական աշխատանքների հետ, տեղեկացրել է ՌԴ նախագահի գործերի կառավարչության մամուլի քարտուղար Վիկտոր Խրեկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Երդման արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին։

«Կարգի է բերվում և Կրեմլի շրջակա միջավայրը, և ներքին տարածքը», - ասել է Խրեկովը։ «Ճանապարհների վրա նորացվում են նշանները, կարգի են բերվում ծաղկաթմբերը, մայթերը, ինչպես դա սովորաբար արվում է գարնանը»։

Կրեմլում ձմեռվանից հետո լվանում են Մեծ դղյակի և վարչական շինությունների պատուհանները, տեղեկացրել է գործերի կառավարչության մամուլի քարտուղարը։

Ծաղկատունկը կսկսվի ավելի ուշ՝ ապրիլի կեսերին։ «Այժմ դրա համար շատ ցուրտ է և հողը դեռ չի տաքացել», - պարզաբանել է Խրեկովը։

Կրեմլի ծաղկաթմբերում կծաղկեն վարդեր և կակաչներ։

«Կարևոր է, որպեսզի Կրեմլը փայլի մայիսյան տոների ժամանակ, իսկ առաջին հերթին՝ մայիսի 7-ին կայանալիք երդման արարողության ժամանակ», - նշել է նա։

Միաժամանակ, մամուլի քարտուղարի խոսքերով, նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդևի երդման արարողության կապակցությամբ, Կրեմլի Մեծ դղյակի սրահների ներսում «ոչինչ չի փոխվի, ուղղակի կանցկացվի նախատոնական մաքրում»։

Նա նաև նշել է, որ Կարմիր հրապարակի մի քանի մասերում անցկացվում է սալիկների ոչ մեծ կոսմետիկ վերանորոգում, որը իրականացնում են Մոսկվայի իշխանությունները։ «Դա ձմռանից հետո պլանային վերանորոգում է», - ավելացրել է մամուլի քարտուղարը։

 Խրեկովը հիշեցրել է Կարմիր հրապարակի սալիկների կապիտալ վերանորոգման ծրագրերի մասին, սակայն ասել է, որ դրա ժամկետները դեռևս սահմանված չեն։-0-