Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանի տարածքում. ՀՀ ԱՆ

17.05.2017, 19:15
Ռուսաստանի Դաշնության դատարանը որոշում է կայացրել Վալերի Պերմյակովի դատավճռի վերաբերյալ։
Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանի տարածքում. ՀՀ ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի Դաշնության դատարանը որոշում է կայացրել Վալերի Պերմյակովի դատավճռի վերաբերյալ։

ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունում ստացված հաղորդման համաձայն, Վալերի Պերմյակովը պատիժը կկրի ՌԴ–ում։

Ռուսաստանի Դաշնության դատարանը որոշում է կայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2016 թվականի օգոստոսի 23-ին կայացված դատավճիռը ճանաչելու և Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարելու մասին:

«ՌԴ դատարանի որոշումը երաշխավորում է ՀՀ դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի դատավճռի կատարումը անվերապահորեն ու լիովին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գործող միջազգային պայմանագրերով սահմանված կարգով»,– ասվում է հաղորդագրությունում։

2015 թ.-ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեղադրանքով Պերմյակովը դատապարտվեց զմահ ազատազրկման: Վալերի Պերմյակովը 2015 թ.–ի հունվարի 13–ին ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից` հայ–թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ և խոստովանել է իր մեղքը։

2015 թ.-ի օգոստոսի 12-ին Ռուսական կայազորային ռազմական դատարանը դատապարտեց նրան 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում` դասալքության և զենքի հափշտակության համար:

2016 թվականի օգոստոսի 23–ին Հայաստանի դատարանը դատապարտել է Վ.Պերմյակովին ցմահ ազատազրկման Գյումրիում 2015 թվականի հունվարի 12–ին Ավետիսյան ընտանիքին սպանելու համար։

Ապրիլի վերջին Հայաստանի Վճռաբեկ դատարանից հաղորդել են, որ տուժած կողմի փաստաբաններին չի հաջողվել գործի վերաքննման հասնել: Տուժածների իրավահաջորդները Հայաստանի սահմանդրական դատարան բողոք էին ներկայացրել` կարծելով, որ հանցագործությունն ամբողջությամբ չի բացահայտվել, իսկ Պերմյակովը միայնակ չէր կարող գործել: Ավելի ուշ մեկ այլ բողոքով իրավահաջորդները պահանջում էին 450 հազար եվրոյի չափով նյութական վնասի հատուցում: Սակայն երկու բողոքներն էլ մերժվել էին: -0-