ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ավելի քան 22 000 տուփ տաքացվող ծխախոտի արտահանումը
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները համատեղ կանխել են ՀՀ պետական սահամանով, մաքսային հսկողությունից թաքցված խոշոր չափերի տաքացվող ծխախոտի արտահանման փորձ: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։
Հաղորդվում է, որ օրերս Հայաստանի տարածքից «Բագրատաշեն» անցակետ է մուտք գործել կենդանիների տեղափոխման համար նախատեսված դատարկ բեռնատար ավտոմեքենա, որը վերցվել է հսկողության և ուղղորդվել ռենտգեն տեսազննման կայան։
Պատկերի վերլուծության արդյունքում բեռնատարի վերելակի պատերի հատվածում նկատվել է կասկածելի խտություն, և որոշում է կայացվել բեռնատարն ուղղորդել խորը զննման անգար։ Մաքսային ծառայողներն էնդոսկոպիկ տեսանկարահանող սարքի միջոցով ֆիքսել են ներսում առկա բեռնատարի կառուցվածքին չհամապատասխանող օտար մարմիններ։
Հատուկ կտրող սարքավորման օգնությամբ բացվել են խոռոչներ, որտեղ թաքցված է եղել մոտ 22 300 տուփ տաքացվող ծխախոտ։ Խոռոչներում ծխախոտներն այնպես են հարմարեցված եղել, որպեսզի առկա ժապավենները քաշելու միջոցով ապրանքը հեշտությամբ դուրս բերվեն։
Դեպքի առնչությամբ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի համաձայն կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:

