Փաշինյան. «Մենք արհեստական ընդդիմություն չենք ստեղծելու»

09.11.2018, 15:46
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երկրում արհեստական ընդդիմություն չի լինելու։
Փաշինյան. «Մենք արհեստական ընդդիմություն չենք ստեղծելու»
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երկրում արհեստական ընդդիմություն չի լինելու։

«Մենք չենք ստեղծելու արհեստական ընդդիմություն, քանի որ ընդդիմությունն ինքնուրույն պետք է ձևավորվի։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը կորոշի` ով է իշխանությունը և ով` ընդդիմությունը»,– ասել է նա Աստանայում Ղազախստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Հայաստանում դեկտեմբերի 9–ին կկայանան ԱԺ արտահերթ ընտրություններ։

Վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդման համաձայն, Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի ժողովուրդը հեղափոխոթյուն է իրականացնել ավտորիտարիզմի, օլիգարխիկ համակարգի դեմ և այսուհետ թույլ չի տա նման համակարգի ստեղծում։

«Մեր քաղաքական համակարգի համար ամենամեծ քայքայիչ բանը եղել է կեղծ ընդդիմության ստեղծումը, ինչը, իմ կարծիքով, տեղի է ունեցել 1998 թվականից հետո: Մենք այդ ճանապարհով չենք գնալու: Հայաստանում երկար ժամանակ չկար ժողովրդի մանդատն ունեցող իշխանություն և ընդդիմություն, դրա համար Հայաստանում ժողովուրդը ոչ մեկին չէր հավատում: Մենք արհեստական ընդդիմություն չենք ստեղծելու, որովհետև ընդդիմությունը պետք է ինքն իրեն ստեղծի: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը կորոշի` ով է իշխանություն և ով` ընդդիմություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է։ «Հայաստանում դիկտատուրա չի կարող լինել, մեր երկրում ժողովրդավարությունն անշրջելի է։ Հայաստանում մամուլը երբեք այսքան ազատ չի եղել, որքան այսօր»,– ընդգծել է Փաշինյանը։

Նրա խոսքով, ամենակարևոր փոփոխությունը մարդկանց կողմից իրենց դերի ընկալումն է։ «Ինչպես ասում են օտարերկրացիները, այսօր նրանց ամենաուժեղ տպավորությունն այն է, որ Հայաստանը մի ընտանիք է։ Սա է ամենակարևոր փոփոխությունը»,– նշել է նա։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ինչպես Աստանայի, այնպես էլ այստեղից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող տարածաշրջաններից ժամանած հայեր: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Ուզբեկստանի հայ համայնքի ներկայացուցիչները` Տաշքենդի Սուրբ Փիլիփոս և Սամարղանդի Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Քահանա Գրիգորյանի գլխավորությամբ: -0-