«Պարոն Ծառուկյանին մի առիթով ասել եմ` ամոթ է, մուտքն էդ ի՞նչ վիճակում է, ոնց որ գոմ ըլնի». Փաշինյանը` «Արարատցեմենտ»-ի մասին (ՎԻԴԵՈ)

30.07.2026, 15:27
Փաշինյանն անդրադարձել է «Արարատցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակին և հայտարարել, որ ձեռնարկության տարածքը գտնվում է անմխիթար վիճակում․ ՎԻԴԵՈ
«Պարոն Ծառուկյանին մի առիթով ասել եմ` ամոթ է, մուտքն էդ ի՞նչ վիճակում է, ոնց որ գոմ ըլնի». Փաշինյանը` «Արարատցեմենտ»-ի մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Արարատցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակին և հայտարարել, որ ձեռնարկության տարածքը գտնվում է անմխիթար վիճակում։

«Լուրերով նայում եմ վերևից կադրեր են ցույց տալիս «Արարատցեմենտ» գործարանի։ Էս 21-րդ դարի գործարա՞ն է։ Դա ավար է ընդամենը, թալանի օբյեկտ է։ Միլիարդներ են աշխատել, միլիարդներ են տարել։ Էդ գործարանի մոտով անցել եմ, պարոն Ծառուկյանին մի առիթով ասել եմ` ամոթ է, էդ մուտքն ինչ վիճակում է, ոնց որ գոմ լինի։ Գոնե կարաք էդ մուտքի հատվածը 2 կոպեկ փող դնեք, մի քիչ կարգի բերեք», - ասաց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։

Վարչապետն ընդգծեց, որ գործարանի` պետական կառավարմանն անցնելուց հետո առաջիկայում շատ նորություններ կլինեն։

Նշենք, որ հուլիսի 7-ին դատարանը երկու ամսով կալանավորել է Multi Group-ի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Նա ներգրավված է խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման, ինչպես նաև ապօրինի որսի վերաբերյալ քրեական գործում։

Դրանից հետո հայտնի դարձավ հոլդինգի մեջ մտնող շուրջ 70 ձեռնարկությունների գործունեության դադարեցման մասին։ Իրավապահ մարմինների պաշտոնական հաստատում չի եղել։ Ծառուկյանի կապարակնքված ձեռնարկություններից մի քանիսի աշխատակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով վերսկսել օբյեկտների աշխատանքը։

Բացի այդ, անցյալ շաբաթ մի քանի օր պարապուրդի մեջ էր նաև «Արարատցեմենտ» գործարանը՝ վերսկսելով աշխատանքը հուլիսի 10-ին։ Հուլիսի 16-ին Գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում «Արարատցեմենտ» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու մասին միջնորդությունը։