Օտարերկրյա վարորդական վկայական ունեցող ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները կարող են 3 ամիս անխոչընդոտ մեքենա վարել ՀՀ–ում․ ՆԳՆ

31.07.2025, 11:25
Օրենքն ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ Հայաստանում գտնվող օտարերկրյա վարորդական իրավունքի վկայական ունեցող քաղաքացիների և երկքաղաքացիների վրա ևս օրենսդրական փոփոխությունը տարածվում է
Օտարերկրյա վարորդական վկայական ունեցող ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները կարող են 3 ամիս անխոչընդոտ մեքենա վարել ՀՀ–ում․ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Օտարերկրյա վարորդական վկայական ունեցող ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները կարող են երեք ամիս անխոչընդոտ մեքենա վարել Հայաստանում, հաղորդում է ՀՀ ՆԳՆ–ն։ 

ՆԳ նախարարությունը, հաշվի առնելով կատարված ուսումնասիրություններն ու քաղաքացիների առաջարկությունները, նախաձեռնել էր օրենսդրական փոփոխություն, որը միտված է ՀՀ քաղաքացիների ու երկքաղաքացիների կողմից օտարերկրյա վարորդական վկայականով Հայաստանում տրանսպորտային միջոց վարելու ընթացակարգի պարզեցմանը և հարմարեցմանը։ 

«Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն ունեցող անձը Հայաստան մուտք գործելու պահից սկսած երեք ամիս կարող է տրանսպորտային միջոց վարել օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով և չենթարկվել վարչական պատասախանատվության», – նշում են ՆԳՆ–ից։

Օրենքն ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ Հայաստանում գտնվող օտարերկրյա վարորդական իրավունքի վկայական ունեցող քաղաքացիների և երկքաղաքացիների վրա ևս օրենսդրական փոփոխությունը տարածվում է։