Նոբելյան դափնեկիր. Հայաստանը և Իսրայելը կարող են գործակցել գիտութան և բժշկության բոլոր ոլորտներում

12.04.2016, 15:08
Հայաստանը և Իսրայելը կարող են համագործակցել գիտութան և բժշկության բոլոր ոլորտներում:
Նոբելյան դափնեկիր. Հայաստանը և Իսրայելը կարող են գործակցել գիտութան և բժշկության բոլոր ոլորտներում
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը և Իսրայելը կարող են համագործակցել գիտութան և բժշկության բոլոր ոլորտներում, երեքշաբթի Երևանում «Նոբելյան օրերի» հանդիսավոր բացման արարողության ժամանակ ասաց Նոբելյան մրցանակակիր, կենսաբան Աարոն Չեխանովերը (Իսրայել)։

«Գոյություն ունեն որոշ քաղաքական խոչընդոտներ, և հուսով եմ, որ գիտությունը կօգնի մեզ դրանք հաղթահարել», - ընդգծեց Չեխանովերը: Նա ավելացրեց, որ պետք է անել ամեն ինչ` միջազգային համագործակցությունը, այդ թվում` Հայաստանի հետ ամրապնդելու համար, ինչը կնպաստի մարդկանց կյանքը բարելավելուն:

Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ի ռեկտոր Միքայել Նարիմանյանն իր հերթին ավելացրեց, որ նա մեծ ակնկալիքներ ունի դասախոսություններից, որ վարելու են Նոբելյան մրցանակակիրները:

«Նրանք ներկայացնելու են գիտության այն ոլորտները և ուղղությունները, ուր մեծ հաջողությունների են հասել: Այսպես թե այնպես, այդ բոլոր հաջողությունները կապված են բժշկության հետ և ուղղված են առողջապահության համակարգի և բժշկական կրթության ամրապնդմանը: Բացի այդ, այս հինգ օրվա ընթացքում մենք նպատակ ունենք մշակել այդ գիտնականների հետ համատեղ նոր գիտական ծրագրեր, որոնք ապագայում թույլ կտան ժամանակ առ ժամանակ միանալ նրանց ղեկավարած գիտական հետազոտություններին», - ընդգծել է Նարիմանյանը:

Նա ավելացրեց, որ դա թույլ կտա հայ ուսանողներին և գիտնականներին միանալ աշխարհի մասշտաբով շատ հզոր գիտական հետազոտությունների ցանցի:
«Նոբելյան օրերը» կանցկացվեն Երևանում ապրիլի 11-16-ը` ԵՊԲՀ-ի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ: «Նոբելյան օրերին» մասնակցում են հետևյալ մրցանակակիրները` կենսաբաններ Աարոն Չեխանովերը (Իսրայել), Ադա Յոնաթը (Իսրայել), քիմիկոս և ֆիզիկոս Դեն Շեխտմանը (Իսրայել), պաթոլոգ Ռոբին Ուորենը (Ավստրալիա) և քիմիկոս Էյ-Իշի Նեգիշին (Ճապոնիա):

Ահարոն Չեխանովերը ծնվել է 1947թ. հոկտեմբերի 1-ին Հայֆա քաղաքում, հրեա էմիգրանտների ընտանիքում, որոնք Իսրայել են տեղափոխվել Լեհաստանից: Կենսաբան է: 2004թ. Ավրամ Հերշկոյի և Իրվին Ռոուզի հետ միասին Նոբելյան մրցանակի է արժանացել քիմիայի ոլորտում: Իսրայելի բնական և հումանիտար գիտությունների ակադեմիայի, Գիտությունների հայրապետական ակադեմիայի (Վատիկան) և Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային ակադեմիայի օտարերկրյա աշխատակից է:

Ադա Յոնաթը ծնվել է 1939 թ.-ին Երուսաղեմում: Առաջին գիտնականներից է, ով սկսեց հետազոտել ռիբոսոմները: Համագործակցել է NASA-ի հետ: 2009թ.–ին արժանացել է Նոբելյան մրցանակի Ռիբոսոմների կառուցվածքը և ֆունկցիաները ուսումնասիրելու համար: Այժմ գլխավորում է Վայցմանի ինստիտուտի բիոմոլեկուլյար կառուցվածքի կենտրոնը:

Դեն Շեխտմանը իսրայելցի ֆիզիկոս և քիմիկոս է: 2011 թ.-ին արժանացել է Նոբելյան մրցանակի քվազի բյուրեղների հայտնաբերման համար: 2014 թ.-ին իր թեկնածությունն է առաջադրել Իսրայելի նախագահական ընտություններին, սակայն պարտվել է:

Ռոբին Ուորենն ավստրալացի գիտնական է, ով ծնվել է 1937 թ.-ին: Նոբելյան մրցանակ է ստացել ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում 2005 թ.-ին: 1979թ.–ին կրկնաբացահայտել է հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori) բակտերիան:

Էյ-իչի Նեգիշի ճապոնացի քիմիկոսը ծնվել է 1935 թ.-ին: Հայտնի է որպես իր անունը կրող սինթեզի տարատեսակի հեղինակ: Պուրդուա համալսարանի վաստակավոր դասախոս է (ԱՄՆ): Նոբելյան մրցանակի է արժանացել քիմիայի ոլորտում 2010 թ.-ին: -0-