ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Վիեննայում կայացած հանդիպումը կարող է ճանապարհ հարթել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վերսկսելու համար, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 126-րդ նիստին:
Արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, Նալբանդյանն իր երախտագիտությունն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղար Թյուրբորն Յագլանդին՝ «Եվրոպական ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության» մասին երրորդ տարեկան զեկույցը ներկայացնելու համար:
«Մենք կիսում ենք պարոն Յագլանդի տեսակետը «Ժողովրդավարական անվտանգության» հայեցակարգի վերաբերյալ, ըստ որի՝ ժողովրդավարական երկրները քիչ հավանական է, որ պատերազմ սկսեն։ Ակնհայտ է, որ ավտորիտար ռեժիմները նման երկընտրանքի առջև չեն կանգնում», - ասել է նա։
Նալբանդյանը նշել է, որ նման իրավիճակ է ստեղծվել այս տարվա ապրիլի սկզբին, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ էր սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչի հետևանքով բազմաթիվ զոհեր և վիրավորներ են եղել, տեղի են ունեցել միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։
Նա հիշեցրել է, որ ապրիլի սկզբին ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները քննարկվել են երկու օր առաջ Վիեննայում՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որին ներկա էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, ԱՄՆ պետքարտուղարը և Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետքարտուղարը, ովքեր ներկայացնում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները (ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիա)։
«Իրենց համատեղ հայտարարության մեջ համանախագահ երկրները շեշտեցին 1994-1995թթ. զինադադարի մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ: Այս ամենը կարող է ճանապարհ հարթել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վերսկսելու համար», - ընդգծել է Նալբանդյանը։
ԱԳ նախարարը նշել է նաև, որ մինչ այսօր Ադրբեջանը շարունակաբար խախտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նման առաջարկությունները և անգամ ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Հուսով ենք, որ այս անգամ Ադրբեջանը կարդարացնի համանախագահ երկրների հույսերը, միջազգային հանրության սպասելիքները», - ընդգծել է նա:
Երկուշաբթի Վիեննայում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրիեն (Ֆրանսիա):
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում