Մինչև 250 հազար դրամ․ նոյեմբերի 1-ից Հայաստանում կփոխվի կացության կարգավիճակ ստանալու տուրքերի չափը

07.10.2026, 12:13
Կացության կարգավիճակի համար՝ մինչև 250 հազար դրամ․ ինչ է փոխվում նոյեմբերի 1-ից
Մինչև 250 հազար դրամ․ նոյեմբերի 1-ից Հայաստանում կփոխվի կացության կարգավիճակ ստանալու տուրքերի չափը

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն, կփոփոխվեն կացության կարգավիճակի համար սահմանված պետական տուրքերը, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը» 

Կացության կարգավիճակ տրամադրելու բոլոր հիմքերով վարչական վարույթները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով։ 

Գերատեսչությունից հայտնում են, որ այս բարեփոխումը նպատակ ունի բարձրացնել ծառայությունների մատուցման արդյունավետությունը և քաղաքացիներին ազատել հերթերում սպասելու անհրաժեշտությունից։ 

Ուժի մեջ մտնող փոփոխությունների համաձայն՝ կացության կարգավիճակ տալու դիմումների քննարկման և համապատասխան վարույթների իրականացման համար սահմանվում են պետական տուրքեր։ 

Միաժամանակ, նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակ տալու դիմումը մերժելու դեպքում գանձված պետական տուրքը վերադարձման ենթակա չի լինելու։ 

Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար պետական տուրքը կսահմանվի 150 000 դրամ՝ նախկին 105 000 դրամի փոխարեն, իսկ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար՝ 250 000 դրամ՝ նախկին 140 000 դրամի փոխարեն։ 

Պետական տուրք կսահմանվի նաև բնակության օրինականությունը հավաստող վկայական տրամադրելու համար՝ 30 000 դրամի չափով։ Ներկայումս նման ծառայության համար պետական տուրք սահմանված չէ։ 

ՆԳՆ–ից նաև հայտնում են, որ 2027 թվականի հունվարի 1-ից պետական տուրք կսահմանվի նաև աշխատանքային վիզայի տրամադրման համար՝ 15 000 դրամի չափով։ 

«Փոփոխությունները պայմանավորված են նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ, ինչպես նաև օտարերկրացիներին Հայաստանի Հանրապետությունում կացության և բնակության հարցերով մատուցվող ծառայությունների արդիականացման ու վարչարարության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։