Մանրէաբանական շեղումներ․ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունում խախտումներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում և կատարել նմուշառումներ արտադրվող տեսականուց, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ «Կարագ սերուցքային 82,5» յուղի զանգվածային մասով 20գ-ոց» արտադրատեսակի նմուշը՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ, աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր, բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: