ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/.Ի պատասխան ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառաության հանձնարարականի՝ «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել արտադրող հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերությունը։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, կարանտին փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ վարունգի մեջ եղել են միջատի, մասնավորապես՝ սև ճանճի թրթուրներ:
Загружается новость ... "Лево"
Պարզաբանման մեջ նշվում է, որ Հնդկաստանի Կարանտակ և Տամիլ-Նադու շրջաններում տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հայտնվում են պտղային ճանճեր, որոնց դեմ ինտենսիվ պայքար է տարվում. ինսեկդիցիդով (միջատների դեմ պայքարի դեղամիջոց) սրսկվում են դաշտերը, վարունգները վերամշակվում են թաց և չոր եղանակով:
«Քանի որ արտաքին դիտարկմամբ դրանք տեսանելի չեն, մեկ-երկու դեպք արձանագրվել է, երբ տարաների մեջ են հայտնվել թրթուրկիր վարունգներ», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՍԱՊԾ–ի հաղորդմամբ, արտադրողը պարտավորվել է պահածոյացման շրջանում լինել առավել զգոն և մեկնաբանել, որ պտղային ճանճը կամ դրա թրթուրները թեև փչացնում են պտղի որակը, սակայն մարդու առողջության համար վտանգավոր չեն:–0–