Իշխանական պատգամավորը կոնֆլիկտածին է անվանել ՀՀ գործող Սահմանադրությունը

19.11.2015, 20:08
Հայաստանի գործող Սահմանադրությունը կոնֆլիկտածին է, ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմաբկցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Իշխանական պատգամավորը կոնֆլիկտածին է անվանել ՀՀ գործող Սահմանադրությունը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի գործող Սահմանադրությունը կոնֆլիկտածին է, ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմաբկցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հինգշաբթի սահմանադրական բարեփոխումների թեմայով հրավիրված կլոր սեղանի ընթացքում։

«Եթե մենք փորձենք հետ նայել և գնահատել Հայաստանի անցած ընտրական գործընթացները, ապա կտեսնենք, որ գրեթե բոլոր նախագահական ընտրություններից հետո քաղաքացիական բախումներ են եղել։ Այդ բախումների պատճառն այն է, որ նախագահական ընտրություններում որոշվում է մի մարդու բացարձակ իշխանության հարցը, ինչն առաջացնում է քաղաքական այլ ուժերի դժգոհությունը»,– ասաց Հարությունյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանի գործող Սահմանադրությունը լուրջ խնդիրներ ունի։

«Գործող Սահմանադրության համաձայն, պետության ղեկավարը պետք է հավասարապես հեռու լինի և օրենսդիր, և գործադիր իշխանական ճյուղերից, բայց միաժամանակ օժտված լինի գործադիր իշխանության գործառույթներով, այսինքն, իշխանության բաժանումը ոչ լիարժեք է դառնում»,– ասաց նա։

Պատգամավորը գործող Սահմանադրության մեկ այլ խնդիր է համարում դատական համակարգի կախվածությունը մեկ մարդուց, քանի որ դատավորների նշանակումը կամ նրանց ազատումը պաշտոնից իրականացնում է նախագահը։ «Դա, միանշանակ, չի նպաստում Հայաստանի դատական իշխանության ամբողջական անկախությանը»,– ավելացրեց նա։

Նրա խոսքով, խորհրդարանական մոդելին անցնելը կհանգեցնի Հայաստանի քաղաքական և կուսակցական համակարգերի զարգացմանը։


«Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին ընդառաջ» թեմայով կլոր սեղանը կազմակերպել է Կովկասի ինստիտուտը Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի և Նորվեգիայի Հելսինկիի կոմիտեի օժանդակությամբ։


Միջոցառման ընթացքում քննարկվեցին սահմանադրական բարեփոխումների թեմաները հետխորհրդային երկրներում, Հայաստանի սահմանադրական բարեփոխումների քաղաքական համատեքստը, դրանց հիմնական ռիսկերը, մարտահրավերներն ու հնարավոր հեռանկարները։

-0-