Ինչու՞ հայկական կողմը արբանյակներից լուսանկարներով չի ապացուցում, որ Ադրբեջանը ստում է․ հարց՝ պաշտպանության նախարարին

ԵՐԵՎԱՆ․ 21 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ–ում անդրադարձել է լրագրողների այն հարցին, թե ինչու հայկական կողմը արբանյակներից լուսանկարներով չի ապացուցում, որ Ադրբեջանը ստում է՝ հայտարարելով, թե հայկական կողմը խախտել է հրադադարը:
«Արբանյակների նկարները չեն կարող ցույց տալ գնդակների կրակելու-չկրակելու մասին։ Դրա համար պետք են տեսագրություններ, իսկ քանի որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարևանները, դրա համար մենք ասում ենք՝ եթե ունեք ապացույցներ, ունեք տեսանյութեր, տրամադրեք մեզ», – ասաց Պապիկյանն այսօր լրագրողներին։
Նա նշեց, որ հայկական կողմը հայտարարել է, որ պատրաստ է ուսումնասիրել, հետաքննել այդ տեսանյութերը:
«Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանքներ: Չեղած բանի ի՞նչը ապացուցեմ, ինչի՞ մասին խոսեմ», – ասաց Պապիկյանը։