Իմ ցուցումով է հեռացել. Փաշինյանը՝ Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենի հրաժարականի մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ճեպազրույցի ժամանակ հաստատել է, որ իր ցուցումով է Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենը հեռացվել աշխատանքից՝ ԱՄՆ փոխնախագահին «Արցախյան հիմնահարց» թեմայով գիրք նվիրելու և այդ թեմայով խոսելու համար։
«Այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն և խնդրել եմ, որ դիմում գրի», - ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով ՀՀ-ում արտաքին քաղաքականություն վարում է կառավարությունը, և ով կառավարության վարած գծին հակասող բան ասի, պետք է ազատվի աշխատանքից։
Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-երում շրջանառվում էին Հայոց Ցեղասպանության թանգարանի տնօրենի հրաժարականի մասին լուրերը։

