Հիվանդանոցի տնօրենը մանրամասներ է ներկայացրել «Ծիրանի»–ում թունավորվածների առողջական վիճակից. ԷՔՍԿՅԼՈՒԶԻՎ
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Ծիրանի» ռեստորանային համալիրում հարսանեկան ճաշկերույթից հետո տուժած չորս քաղաքացիների վիճակը կայունացել է, նրանք ապաքինվում են։ Այդ մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Հայկ Դավիդյանցը։
Հունիսի 11-ին ահազանգ է ստացվել, որ աղիքային վարակներին բնորոշ գանգատներով 4 քաղաքացի դիմել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Անմիջապես ձեռնարկված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ հիվանդները մասնակցել են ընդհանուր միջոցառման: Հիվանդներից վերցվել են կենսանմուշներ լաբորատոր հետազոտությունների համար: Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, դեպքը գրանցվել է «Ծիրանի» ռեստորանում տեղի ունեցած հարսանեկան միջոցառումից հետո։ Նշվում է նաև, որ թունավորվածների թիվն ավելի մեծ է։
«Հիվանդանոցում գտնվող պացիենտների մոտ սուր աղիքային ինֆեկցիա է, որը, ենթադրաբար, առաջացել է նույն կերակրատեսակից»,– ասաց Դավիդյանցը, նշելով, որ թունավորման պատճատը պարզ կլինի անալիզների արդյունքները ստանալուց հետո։
Նրա խոսքով, բուժման առանձնահատկություններից ելնելով, «Շենգավիթ» ԲԿ է տեղափոխվել հղի կին։
«Թունավորման հատկանիշներով մեզ դիմել է ընդհանուր առմամբ հինգ քաղաքացի»,– ավելացրեց նա։
Ավելի վաղ «МBG Hospitality» ընկերության հասարակայնության հետ կապերի մենեջեր Աննա Սալոմեն «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասել է, որ «Ծիրանի» ռեստորանային համալիրը չի հրաժարվում պատասխանատվությունից և պատրաստ է փոխհատուցել տուժածների անալիզների և բուժման ծախսերը, եթե ապացուցվի, որ տուժածները թունավորվել են ռեստորանի ուտելիքից։ Նշենք, որ «Ծիրանի» ռեստորանային համալիրը պատկանում է «МBG Hospitality» ընկերությանը։ -0-

