Հայաստանում ֆունկցիոնալության գնահատման համար դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային դիմում ներկայացնել e-disability.am համակարգի միջոցով, հայտնում է Միասնական սոցիալական ծառայությունը։
Ծառայության տեղեկացմամբ՝ առողջական խնդիրը հաստատող բժշկական փաստաթղթերը և ֆունկցիոնալության գնահատման ուղեգիրը ստացվում են էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգից։
Դիմումը կարող է լրացնել անձը կամ նրա ներկայացուցիչը՝ մուտքագրելով հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը։
Եթե դիմումը ներկայացնում է ներկայացուցիչը, անհրաժեշտ է նաև կցել նրա կարգավիճակը հաստատող փաստաթուղթ՝ խնամակալ կամ հոգաբարձու լինելու մասին փաստաթուղթ կամ, 16 տարեկանից բարձր անձանց դեպքում, լիազորագիր։ Պահանջվում է նաև ներկայացուցչի ՀԾՀ-ն կամ այն չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը։
Մինչև 16 տարեկան երեխաների դեպքում դիմումը լրացնում է ծնողներից մեկը կամ խնամակալը (հոգաբարձուն)՝ նշելով ինչպես երեխայի, այնպես էլ ծնողի կամ խնամակալի ՀԾՀ-ները կամ համապատասխան տեղեկանքների համարները։
Օտարերկրացիները, քաղաքացիություն չունեցող և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք պետք է լրացուցիչ մուտքագրեն Հայաստանում բնակվելու իրավունք ունենալը հաստատող փաստաթղթի համարը։

