Հայաստանում կտրուկ կցրտի

11.04.2018, 18:45
Հայաստանում օդի ջերմաստիճանն ապրիլի 14-15–ին կնվազի 6-7 աստիճանով:
Հայաստանում կտրուկ կցրտի
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում օդի ջերմաստիճանն ապրիլի 14-15–ին կնվազի 6-7 աստիճանով, իսկ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև Արցախում` 8-10 աստիճանով, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։

Այսպես, օրինակ, Սյունիքի հովիտներում հինգշաբթի և ուրբաթ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 20-25 աստիճան տաքություն, շաբաթ օրը սնդիկի սյունը ցույց կտա 18-23 աստիճան, կիրակի ջերմաստիճանը կտրուկ կնվազի մինչև 7-10 աստիճան տաքություն, իսկ երկուշաբթի կբարձրանա մինչև 9-14 աստիճան։

Ամենացածր ջերմաստիճանները հանրապետությունում կգրանցվեն ապրիլի 16–ի լույս գիշեր Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում` այնտեղ սպասվում է 2-7 աստիճան ցուրտ։

Երևանում առաջիկա երկու օրերին ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 24-26 աստիճան տաքություն, կիրակի կնվազի մինչև 19-21 աստիճան, իսկ երկուշաբթի կկազմի 16-18 աստիճան տաքություն։ Երևանում գիշերային սառնամանիք չի սպասվում։

Միաժամանակ ապրիլի 11–12–ի ցերեկային ժամերին, իսկ ապրիլի 13-14–ին ժամանակ առ ժամանակ երկրի մարզերի մեծամասնությունում և մայրաքաղաքում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, որոնք Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կպահպանվեն նաև ապրիլի 15–ին։ Ապրիլի 16–ին ողջ երկրով կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։ -0-