Հայաստանի համար առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական հեռանկար է․ ԵՄ հանձնակատար
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Եթե բարեփոխումների այս տեմպը պահպանվի, առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական հեռանկար է։
Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները։
«Դա նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի քաղաքացիների համար կրթության, բիզնեսի, զբոսաշրջության և մշակութային փոխանակումների ոլորտներում և էլ ավելի կամրապնդի կապերը Հայաստանի և Եվրոպական միության միջև», - ասել է Բրունները։
Նրա խոսքով՝ վիզաների ազատականացումը Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր բաղադրիչներից է, քանի որ այն մոտեցնում է երկու ժողովուրդներին։
Բրուններն ընդգծել է, որ այն կհեշտացնի ճանապարհորդությունը աշխատանքի, ուսման և զբոսաշրջության նպատակներով։ Սա իր հերթին կնպաստի համագործակցության խորացմանը և մարդկանց միջև կապերի ընդլայնմանը:
«Վիզաների ազատականացումը չափանիշների վրա հիմնված գործընթաց է, ուստի գործողությունների ծրագրում նշված բոլոր պահանջները պետք է կատարվեն մինչև վերջնական որոշման ընդունումը՝ ոչ միայն ԵՄ-ի, այլ առաջին հերթին՝ Հայաստանի ժողովրդի շահերից ելնելով», - նշել է ԵՄ հանձնակատարը։
Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացման մասին
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը միակ պետությունն է, որի հետ ԵՄ-ն իրականացնում է վիզային ռեժիմի ազատականացման գործընթաց։
Ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն հայտարարել էր, որ ԵՄ վիզաների ազատականացման ծրագրի իրականացման գործողությունները գտնվում են Հայաստանի կողմից նախատեսված բարեփոխումների շրջանակում։
Առաջինը կենսաչափական համակարգի ներդրումն է, մասնավորապես՝ նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը։ Ըստ ժամանակացույցի՝ դրանց տրամադրումը կսկսվի 2026 թվականի երկրորդ կեսին։
Մրցույթը հաղթած ֆրանսիական «IDEMIA Identity Security France և ACI Technology S.à.rl» կոնսորցիումը ստեղծում է անհրաժեշտ ենթակառուցվածքները։
2025 թվականի ապրիլին Հայաստանում ստորագրվեց համաձայնագիր այս կոնսորցիումի կողմից ստեղծված «HAYPASS» ընկերության հետ, որն անմիջականորեն կզբաղվի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրմամբ Հայաստանում։

