Հանգստյան օրերի՝ մայիսի 7-ի, 8-ի և 9-ի առավել ուշագրավ նորությունները
10.05.2016,
08:00
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հանգստյան օրերի՝ մայիսի 7-ի, 8-ի և 9-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հանգստյան օրերի՝ մայիսի 7-ի, 8-ի և 9-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 6-ամյա երեխայի վրաերթի դեպքի առթիվ:
- 2016 թվականի մայիսի 7-ին «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի բնակելի շենքերից մեկի 3-րդ հարկում ընկած տղամարդ կա։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Սամվել Հարությունյանն այցելել է նշված շենքում բնակվող իր ծանոթին, որտեղ վերջինիս և նրան հյուր եկած Ա.Խաչատրյանի հետ օգտագործել են ոգելից խմիչք:
- Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի հանդուրժի մեր պետության անվտանգության դեմ ուղղված որևէ փորձ, հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կիրակի Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ կազմակերպված պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ։
- Հայաստանում և Արցախում մայիսի 9–ին եռատոն է, նշվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման և Շուշիի ազատագրման 24–ամյակը։
- Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում կազմակերպված OFS 8 միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Ալբերտ Ղազարյանը հաղթեց ադրբեջանցի Ռուսլան Մուրտազովին։
- Հայաստանը չի վախենում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումից, երկուշաբթի ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ հանդիպմանն ասաց, որ ոչ ոքի թույլ չի տրվի խեղաթյուրել պատմությունը։ «Մենք երբեք մեր երկրում թույլ չենք տա արտագրել պատմությունը, աղավաղել իրադարձությունները։ Սա մեր ընդհանուր հաղթանակն է»,- ասաց Սարգսյանը՝ օղու սիմվոլիկ գավաթ բարձրացնելով Հաղթանակի այգու դաշտային խոհանոցում։