ԼՂՀ նախագահ. Մենք երբեք չենք հանդուրժի մեր պետության անվտանգության դեմ ուղղված որևէ փորձ

08.05.2016, 19:17
Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց երբեք չենք հանդուրժի մեր պետության անվտանգության դեմ ուղղված որևէ փորձ և արժանի հակահարված կհասցնենք հակառակորդի բոլոր ոտնձգություններին, նշել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։
ԼՂՀ նախագահ. Մենք երբեք չենք հանդուրժի մեր պետության անվտանգության դեմ ուղղված որևէ փորձ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չիհանդուրժի մեր պետության անվտանգության դեմ ուղղված որևէ փորձ, հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կիրակի Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ կազմակերպված պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ։

«Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց երբեք չենք հանդուրժի մեր պետության անվտանգության դեմ ուղղված որևէ փորձ և արժանի հակահարված կհասցնենք հակառակորդի բոլոր ոտնձգություններին», – Սահակյանի խոսքերը մեջբերում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Բակո Սահակյանը նշել է, որ ապրիլյան պատերազմի օրերին ողջ հայ ժողովուրդը նորից ոտքի ելավ` ցուցաբերելով աննախադեպ միասնականություն, ծանր պահերին համախմբվելու բացառիկ ունակություն, վտանգի մեջ հայտնված հայրենակիցներին ըստ ամենայնի օգնելու և աջակցելու, նրանց կողքին լինելու անգնահատելի պատրաստակամություն:

«Արցախի շուրջ համախմբվեցին Մայր Հայաստանը և Սփյուռքը: Ողջ ժողովուրդը դարձավ մի բանակ, յուրաքանչյուրն իր պարտքը համարեց օգտակար լինել ընդհանուր գործին: Այս ճակատագրական օրերին մեզ հետ էին նաև տարբեր երկրների հասարակական, քաղաքական գործիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Մենք բարձր ենք գնահատում նրանց ազնիվ ու անաչառ աշխատանքը», – նշել է նա։

ԼՂՀ նախագահը հատուկ ընդծել է այն աշխատանքը, որն այս թեժ օրերին, պահի ողջ լրջության խոր գիտակցումով և բարձր պատասխանատվությամբ իրականացրին պետական կառավարման օղակները:

«Գործադիր՝ սկսած Նախագահականից, օրենսդիր, ուժային և բոլոր պետական մարմիններն աշխատել են մեծագույն լարվածությամբ և արել են հնարավորը ծագած խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար՝ դրանով իսկ ցույց տալով ճգնաժամային իրավիճակներում աշխատելու պետական ինստիտուտների ունակությունը», – նշել է նա։

Ընդգծելով, որ «այսօր մենք ավելի լավ գիտենք, թե ինչ է մեզ հաջողվել և ինչ բացթողումներ են եղել»` Սահակյանն անհրաժեշտ է համարել կատարել մեծ աշխատանք բացահայտված թերությունները վերացնելու ուղղությամբ:

«Համոզված եմ, որ այս անգամ ևս մենք պատվով կհաղթահարենք բոլոր դժվարություններն ու փորձությունները` դառնալով ավելի ուժեղ և ամուր: Մենք պաշտպանում ենք մեր հայրենի հողը, մեր տունն ու ընտանիքը: Դա սրբազան պայքար է, որտեղ հաղթանակը այլընտրանք չունի: Մեր հերոսական ժողովուրդը դա ապացուցեց իր խիզախությամբ ու տոկունությամբ, արժանապատվորեն հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ հանուն ազատ ու անկախ երկրում ապրելու իր իրավունքի», – եզրափակել է ԼՂՀ նախագահը։

Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս և Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության և խիզախության համար մի խումբ պաշտպանության բանակի զինծառայողների, ազատամարտիկների և կամավորների հանձնվել են պետական բարձր պարգևներ:–0–