Գողացված բանկային քարտով գումար է կանխիկացվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

15.05.2017, 18:43
Քրեական գործ է հարուցվել ավտոմեքենայից գողություն կատարելու փաստի առթիվ:
Գողացված բանկային քարտով գումար է կանխիկացվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Քրեական գործ է հարուցվել ավտոմեքենայից գողություն կատարելու փաստի առթիվ, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, 2017թ. ապրիլի 6-ին հաղորդում է ստացվել առ այն, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը նույն օրը՝ ժամը 18:20-18։50-ի սահմաններում, Երևանի կենտրոնում կայանված ավտոմեքենայի սրահիցհափշտակել է պայուսակ, որի մեջ եղել են անձնագիր, կանխիկ գումար, հարդարանքի պարագաներ,բանկային քարտեր։

Գողացված քարտով նույն օրը բանկոմատից գումար է կանխիկացվել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է միջին տարիքի տղամարդը բանկոմատից գումար կանխիկացնում՝ գողացված բանկային քարտով:


«Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ»,– ասվում է հաղորդման մեջ։

ՀՀ քննչական կոմիտեն խնդրում է նշված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչումեն նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: -0-