Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին եւ/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս դրեք-վերցրեք․ Փաշինյանը՝ նախկին նախագահներին

24.12.2024, 13:06
Փաշինյանն անդրադարձել է նախկին նախագահների հետ ԼՂ հարցով բանավիճելու թեմային
Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին եւ/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս դրեք-վերցրեք․ Փաշինյանը՝ նախկին նախագահներին

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախկին նախագահների հետ ԼՂ հարցով բանավիճելու թեմային։ 

«Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով հեռավորությունից»:

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին եւ/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս ներկայացուցիչներով, ծանոթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրյա ծանոթներով դրեք-վերցրեք: 

Իսկ եթե դնում-վերցնում եք, եկեք ժողովրդի աչքի առաջ փաստարկները դեմ առ դեմ դնենք եւ ոչ թե «դիվանագետերեն» շուտասելուկներ արտադրեք, էն հույսով ու հավատով, որ միեւնույնն է, մարդկանց մեծ մասը չգիտի այդ լեզուն»,– նշել է Փաշինյանը Facebook–յան իր էջում։ 

Հիշեցնենք, որ նախօրեին Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ԼՂ բանակցությունների մասին իր ասածները։ Ավելի ուշ նա կրկնել է բանավեճն ընդունելու առաջարկը, հակառակ դեպքում հետևությունները կմնան ժողովրդին, և նա կօգնի այդ հետևությունները անելու գործում։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: