Նախկին նախագահներին առաջարկում եմ ընդունել բանավիճելու առաջարկը, հակառակ դեպքում հետևությունները կմնան ժողովրդին, և ես կօգնեմ այդ հետևությունները անելու գործում․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

23.12.2024, 23:20
Փաշինյանն ընդգծել է, որ վճռական է խոսակցությունը տանելու մինչև վերջ, ինչ ֆորմատով, դա ուրիշ խնդիր է․ ՎԻԴԵՈ
Նախկին նախագահներին առաջարկում եմ ընդունել բանավիճելու առաջարկը, հակառակ դեպքում հետևությունները կմնան ժողովրդին, և ես կօգնեմ այդ հետևությունները անելու գործում․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդես է եկել տեսաուղերձով՝ նախկին նախագահներին կոչ անելով ևս մեկ անգամ մտածել և օգտվել առերես բանավիճելու հնարավորությունից։

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ԼՂ բանակցությունների մասին իր ասածները։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: 

«Սա իրականում ճշմարտության պահ է, որովհետև բանավեճը, որ առաջարկել եմ Հայաստանի նախկին նախագահներին, կարևորագույն նշանակություն պիտի ունենար այն հարցում, որ ժողովուրդը վերջնական և աներկբա եզրակացութուն աներ, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում, ո՞վ է մեղավոր, ինչո՞ւմ է մեղավոր: Սա բացառիկ հնարավորություն է, որ ինֆորմացիայի առաջնային կրող մարդիկ դեմ դիմաց հանդիպեն և հեռավար ու հեռակա բանավեճը եզրափակեն առերես բանավեճով: Սա միայն անցյալի խոսակցություն չէ, այլ ապագայի ռազմավարություններում կողմնորոշվելու համար առանցքային մի իրադարձություն է»,-ասաց նա տեսաուղերձում՝ ընդգծելով, որ պետք է վերջնական հասկանանք, թե ինչ և ինչու է տեղի ունեցել։

Փաշինյանը նշել է, որ խնդիրը միայն բանավեճը չէ, այլև սեփական ժողովրդին սեփական պատմությունը մեկնաբանելու, սեփական պատմությունը հասկանալու հնարավորություն տալու կամ այդ հնարավորությունից զրկելու մասին է:

«Ուղիղ կամ անուղղակի նախկին նախագահները շտապեցին հրաժարվել բանավեճից, բայց ես նրանց կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել այս մասին, որովհետևեզրակացությունը ի վերջո տեղի ունենալու է:  Ես չեմ կարող թույլ տալ, որ այս խոսակցությունը, որը շարունակվում է 4 պլյուս տարի, նկատի ունեմ մինչև 2020թ․–ը և դրանից հետո, կիսատ մնա։ Ես վճռական եմ և այդ խոսակցությունը տանելու եմ մինչեւ վերջ, ինչ ֆորմատով, դա ուրիշ խնդիր է, ես ընտրում եմ ազնիվ ճանապարհը՝ նախկին նախագահների հետ դեմ դիմաց, առերես կանգնելու և խոսելու: Առաջարկում եմ նրանց ընդունել այս առաջարկը, հակառակ դեպքում հետևությունները կմնան ժողովրդին, և ես ժողովրդին կօգնեմ այդ հետևությունները անելու գործում»,- ասել է նա: