Երևան–Լոնդոն ուղիղ չվերթեր կգործարկվեն

10.02.2026, 21:15
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ՀՀ–ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ քննարկել է հունիսից մեկնարկող Երևան–Լոնդոն ուղիղ չվերթերի հարցը
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթեր կգործարկվեն

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ՀՀ–ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ քննարկել է հունիսից մեկնարկող Երևան–Լոնդոն ուղիղ չվերթերի հարցը։

«Երկուստեք կարևորել ենք հունիս ամսից Երևան - Լոնդոն ուղիղ չվերթների մեկնարկը, որը հնարավորություն կտա էլ ավելի զարգացնել երկու երկրների հարաբերություններն ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ զբոսաշրջության ուղղությամբ», – գրել է Խուդաթյանը Facebook–յան իր էջում։ 

Նախարարը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների շարունակական զարգացումը։ 

Դեսպանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստան - Միացյալ Թագավորություն հարաբերությունները գտնվում են ռազմավարական գործընկերության մակարդակում։ 

Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ ՏԿԵ նախարարությունը խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է իրականացնում և շատ ցանկալի կլինի այդ ծրագրերում և միջազգային մրցույթներում տեսնել ՄԹ ընկերությունների։