Դատախազությունը պարզաբանել է ՊԵԿ փոխնախագահի 23–ամյա որդուն դատախազի պաշտոնում նշանակելու աղմկահարույց դեպքը

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է ներկայացրել ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի 23–ամյա որդուն` Հարություն Մաշադյանին դատախազի պաշտոնում նշանակելու աղմկահարույց դեպքը։
«Քանի որ Հարություն Մաշադյանի՝ կայազորի դատախազության դատախազի պաշտոնում նշանակման հանգամանքների թեմայի անհարկի շահարկումը, մանիպուլյացիայի առարկա դարձնելն այսպիսի ծավալներ ընդունեց, խոստացված՝ ՀՀ դատախազության վաղվա պարզաբանումը հրապարակում ենք այսօր՝ հաշվի առնելով նաև նման համապարփակ պարզաբանման ակնկալիքը, որ ողջամտորեն արտահայտել են մի քանի ադեկվատ օգտատերեր։ Քանի որ մի շարք պարզաբանումներից հետո որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի տեղյակ ու անտեղյակ օգտատերեր, չիմացության արդյունքում կամ հատկապես մանիպուլյացիաների մեթոդներին դիմելով, ոչ ճշգրիտ ներկայացրին և շահարկման առարկա դարձրին Հարություն Մաշադյանի`դատախազության համակարգում աշխատանքի անցնելու վերաբերյալ տեղեկատվությունը, հարկ ենք համարում լրացուցիչ պարզաբանել, որ Հարություն Մաշադյանը դատախազ դառնալու համար անցել է օրենքով սահմանված կարգով բոլոր ընթացակարգերը», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Ինչ վերաբերում է աշխատանքի ընդունման հետ կապված՝ Հարություն Մաշադյանի տարիքին, ապա մամուլի ծառայությունից նշեցին, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ դատախազ կարող էր նշանակվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով`
1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.
2) տիրապետում է գրական հայերենին»։
Այսինքն տարիքային ցենզ նախատեսված չի եղել:
«Ինչ վերաբերում է 25 տարին լրանալուց հետո դատախազ դառնալու՝ օրենսդրական ընդհանուր իրավադրույթին, ապա այն սահմանվել է 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի 33-րդ հոդվածով, այսինքն մինչ այդ գործած իրավահարաբերությունների վրա չի կարող տարածվել. վատթարացման առումով օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից ներկայացրեցին նաև Հարություն Մաշադյանի կենսագրական տվյալները։
Հարություն Մաշադյանը ծնվել է 1995թ․-ին։ 2010թ․-ին ավարտել է թիվ 35 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։ 2013թ․-ի հուլիսի 2-ին զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր, զորացրվել՝ 2015թ․-ին ։ Այնուհետև շարունակել է ուսումը և 2016թ-ին ավարտել է ԵՊՀ-ն՝ ստանալով բակալավրի որակավորում։ 2017թ-ին սահմանված կարգով ընդգրկվել է ՀՀ դատախազների թեկնածուների ցուցակում։ 2017թ-ի հոկտեմբերին ավարտել է Արդարադատության ակադեմիան։ 2018թ․-ի մարտի 7-ին նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ։ 2019թ․-ի փետրվարի 4-ին փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին։–0–