ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Սլավմեդ» ԲԿ–ում ծննդկանների մահվան դեպքերի վերաբերյալ կենտրոնի տնօրեն Արմինե Հովակիմյանը հարցազրույց է տվել «Ժողովուրդ» թերթին։
«Այդ դեպքերի մասով կարող եմ ասել` այդ ցավը ծննդկանների հարազատներից հետո մերն է լինում»,– ասել է Հովակիմյանը, ավելացնելով, որ իրենք սպասում են քննության արդյունքներին։
Հարուցվել է քրեական գործ Երևանի բժշկական կենտրոններից մեկում ծննդկանի մահվան դեպքի առթիվ>>
Ավելի վաղ` հուլիսի 26–ին, «Սլավմեդ» բժշկական կենտրոնում վիրահատությունից երկու օր անց մահացել էր 28-ամյա ծննդկան։ Այս տարվա ապրիլի 28-ին նույն «Սլավմեդ»–ում մահացել Էր 38-ամյա Նաիրա Մուսայելյանը։
«Ժողովուրդ» թերթը հայտնել էր, որ
քննարկվում է ԲԿ-ի ծննդօգնության ծառայության կամ գործունեության լիցենզիայի կասեցման հավանականությունը։
ԲԿ–ի տնօրենը, թղթակցի այն հարցին, թե որտե՞ղ են թերանում կենտրոնի բժիշկները, պատասխանել է, որ «Սլավմեդը» միշտ աչքի է ընկել «լավ բաներով, և թացը չորից պետք է տարբերեն»։
Նա ավելացրել է, որ պետք է հանձնաժողով կազմվի և կատարի իր աշխատանքը, որին կենտրոնի աշխատակիցները չեն խոչընդոտում։
Արձանագրված դեպքերում բժիշկների մեղքի բաժնի վերաբերյալ հարցին ի պատասխան տիկին Հովակիմյանն ասել է, թե ինքը երկար տարիների փորձ ունեցող սրտաբան է, և տարակուսանք է հայտնել, որ շահարկվում է իր եղբոր` «Սլավմեդի» սեփականատեր Արկադի Համբարձումյանի անունը, ավելացնելով, որ նման մարդկանց բարեգործություն կատարելու համար պետք է արձան կանգնեցնել։
Տնօրենը հավելել է, որ մտավախություններ չունի պատասխանատվության ենթարկելու հարցում, քանի որ բոլոր հիվանդանոցներում էլ լինում եմ տասնյակ, հազարավոր նման դեպքեր։ -0-