Ադրբեջանը լազերային թիրախավորմամբ ավիացիոն ռումբ է ստեղծել

30.04.2019, 15:11
Աղբյուրի տեղեկացմամբ, ռումբի իներտային տարբերակը պատրաստ է փորձարկումների համար:
Ադրբեջանը լազերային թիրախավորմամբ ավիացիոն ռումբ է ստեղծել
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության Գիտահետազոտական ինստիտուտը և թուրքական ASELSAN ընկերությունը լազերային թիրախավորմամբ ավիացիոն ռումբ են ստեղծել, հայտնում է interfax.az–ը։

Աղբյուրի տեղեկացմամբ, ռումբի իներտային տարբերակը պատրաստ է փորձարկումների համար:

Այդ մասին AzeriDefence-ին հայտնել են Ստամբուլում անցկացվող İDEF-2019 ցուցահանդեսին մասնակցող Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչները:

«Արդեն պատրաստ է ռումբի առաջին նախատիպի երեք նմուշ: Ռումբի կորպուսը վերջերս ուղարկվել է Թուրքիա՝ ASELSAN-ի ստեղծած լազերային թիրախավորման համակարգին ինտեգրման նպատակով: ASELSAN-ի ներկայացուցիչները կոնստրուկցիայի մեջ որոշ փոփոխություններ են կատարել, ինչից հետո համակարգն ինտեգրել են ադրբեջանական արտադրության ավիառումբին»,– ասվում է գրառման մեջ։

Փորձարկումները կանցկացվեն Ադրբեջանում:

Հաղորդվում է, որ ադրբեջանական արտադրության QFAB-250 ավիառումբերը, կախված անկման բարձրությունից, կարող են խոցել մինչև 12 000 մ շառավղում գտնվող թիրախները: -0-