Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ՔԿ

19.04.2024, 15:19
ՔԿ–ից հերքում են Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ՔԿ
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, դեպքի ներկայացված նկարագրությունները բացարձակ մտացածին են, հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Facebook–յան իր էջում։

Նշենք, որ այսօր փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգել է, որ Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացուն ծեծել են, փորձել առգրավվել հագուստը, ոտքը դրել են նրա գլխին, ինչի հետևանքով անձի ինքնազգացողությունը վատացել է, և նա հոսպիտալացվել է։ Ընդ որում փաստաբանն իր Facebook–յան էջում կադրեր է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է հոսպիտալացվում տղամարդը։

Աբրահամյանը նշել է, որ անձին պատգարակով շտապօգնությանը մոտեցնելու կադրերի հրապարակումը՝ խոշտանգման մասին անհիմն գրառումով, առանց որևէ փաստի ներկայացման, խոշտանգման փաստարկում չեն կարող լինել։

«Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա, որը ծառայեցվում է որպես պաշտպանության տակտիկա։ Դրա ամբողջ իմաստը, առաջ ընկնելով, իրականությունը գլխիվայր շուռ տված ներկայացնելով, տեղի ունեցածի վերաբերյալ կանխակալ հանրային կարծիք ձևավորելն է։ Սա անընդունելի է բարոյական տեսանկյունից։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա տեղի ունեցածի իրական հանգամանքները ներկայացնող համապատասխան պարզաբանմամբ», – նշել է Աբրահամյանը։