Քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի` պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ

29.12.2016, 19:06
Քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ:
Քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի` պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, խախտելով պետությունների և ժողովուրդների խաղաղ գոյատևման ուղղված միջազգային իրավունքի նորմերը, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ գոտու` Չինար գյուղից դեպի հարավ-արևելք պետական սահմանի հատվածի պահպանությունն իրականացնող ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերը գրավելու նպատակով, 2016թ. դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան, ներխուժել են ՀՀ տարածք, ծավալելով ռազմական գործողություններ, սանձազերծելով ագրեսիվ պատերազմ։

Հաղորդվում է, որ հակառակորդը խախտել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետության նկատմամբ կատարելով «ագրեսիայի ակտ», որի հետևանքով զոհվել են զինծառայողներ` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էրիկ Գարիկի Աբովյանը և Էդգար Գրիգորի Նարայանը, որից հետո, հանդիպելով մարտական հենակետի և օգնության հասած ստորաբաժանումների դիմադրությանը, նահանջել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդված 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: -0-