Տիգրան Ավինյանի հորը դատի են տվել «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը՝ «համբալ» արտահայտության համար։
Հայցը քննվելու է Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանում։
Դեկտեմբերի վերջին Տիգրան Ավինյանի հայրը՝ Արմեն Ավինյանը մեկնաբանել է Երևանի կենտրոնում «կարմիր գծերի» հետ կապված իրավիճակը։ Նա մասնավորապես չի համաձայնել, որ «կարմիր գծերը» արժեն 160 հազար դրամ և կարծում է, որ սակագինը պետք է ավելի բարձր լինի՝ 500 հազար դրամ։«Պիտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կանգնի ըստեղ իրա գեղի «Օպել»–ով․․․Գնացեք Իտալիա, տեսեք, ավտոյի գին պետք ա մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն», – ասել է Արմեն Ավինյանը։ Ավելի ուշ Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր արտահայտության համար։ «Դեղին մամուլի հրապարակումները որոշակի հետք են թողնում նաև իմ ընտանիքի վրա, հայրս էլ քաղաքականությամբ չի զբացղվում և դյուրին է տրվում պրովոկացիաների», – նշել է Ավինյանը։
«Պահանջել եմ որպես վիրավորանքի հատուցում 500.000 դրամ: Այդ գումարը շատ խորհրդանշական է», – հայտարարելօ է Իսկանդարյանը՝ հրապարակելով համապատասխան տեսանյութ։
«Ինքս «Opel» ունեմ և կոչ եմ անում «Opel»-ի վարորդներին հանդես գալ համանման հայցով: Իրավական առումով «Մայր Հայաստանն» ամբողջական օժանդակություն կտրամադրի», – նշել է Իսկանդարյանը։
Երևանում ավտոկայանատեղիների սակագների մասին
2024 թվականի հունվարի 1-ից Երևանում սահմանվել են ավտոկայանատեղերի նոր սակագներ, որոնք հաշվարկվել են քաղաքի գոտիների հիման վրա։ «Ա» գոտում կայանման սակագներն են․
- 300 դրամ՝ մեկ ժամի համար,
- 2000 դրամ՝ մեկ օրվա համար,
- 5000 դրամ՝ մեկ շաբաթի համար,
- 18 000 դրամ՝ մեկ ամսվա համար,
- 160 000 դրամ՝ մեկ տարվա համար։
«Բ» գոտում սահմանվել են կայանման հետևյալ սակագները․
· 200 դրամ՝ մեկ ժամի համար,
· 1 000 դրամ՝ մեկ օրվա համար,
· 2 000 դրամ՝ մեկ շաբաթի համար,
· 4 000 դրամ՝ մեկ ամսվա համար,
· 24 000 դրամ՝ մեկ տարվա համար։
2024 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչական դատարանը անօրինական ճանաչեց Երևանի կայանման սակագների բարձրացումը։ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է բողոքարկել որոշումը վերաքննիչ կարգով։