Ցավում եմ տեղի ունեցածի համար․ Ավինյանը ներողություն է խնդրել հոր սկանդալային հայտարարության համար (ՎԻԴԵՈ)

27.12.2024, 11:20
«Պիտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կանգնի ըստեղ իրա գեղի «Օպել»–ով․․․», – հայտարարել է Ավինյանի հայրը․ ՎԻԴԵՈ
Ցավում եմ տեղի ունեցածի համար․ Ավինյանը ներողություն է խնդրել հոր սկանդալային հայտարարության համար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել իր հոր կոպիտ վարքի համար։

Ավինյանը Telegram–ի իր ալիքում տեսաուղերձ է հրապարակել, որում փորձել է պարզաբանել հոր կոպիտ վարքն ՝ ի պատասխան լրագրողներից մեկի հարցին։

Ավելի վաղ Տիգրան Ավինյանի հայրը՝ Արմեն Ավինյանը մեկնաբանել է Երևանի կենտրոնում «կարմիր գծերի» հետ կապված իրավիճակը։ Նա մասնավորապես համաձայն չէ, որ «կարմիր գծերը» արժեն 160 հազար դրամ և կարծում է, որ սակագինը պետք է ավելի բարձր լինի՝ 500 հազար դրամ։

«Պիտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կանգնի ըստեղ իրա գեղի «Օպել»–ով․․․Գնացեք Իտալիա, տեսեք, ավտոյի գին պետք ա մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն», – ասել է Արմեն Ավինյանը։

Հարցին, թե նա մուծել է, քաղաքապետի հայրը դրական պատասխան է տվել։

«Իհարկե, իմս անվճար ա, էլեկտրական ա», – նշել է քաղաքապետի հայրը։

Այս հայտարարությունը մեծ սկանդալ է առաջացրել հանրության շրջանում։

«Հայրս բավականին կոպիտ և տգեղ պատասխաններ է հնչեցնում։ Վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի, միգուցե նաև մի փոքր լրագրողի նյարդի ազդեցության հետևանքներ են։ Շատ ափսոսում եմ ասված խոսքերի համար և ներողություն եմ խնդրում դրա համար: Իրականում Երեւանի քաղաքապետարանը իր որեւէ քաղաքականություն մշակելիս բոլորի շահերը պաշտպանելու տրամաբանությամբ է շարժվում՝ և երեխաների, և երիտասարդներ, և տարեցների, և աղքատների և հարուստների եւ միջին խավի, եւ մեր վերաբերմունքը երեւանցիների նկատմամբ հավասարապես հոգատար է բոլոր մարդկանց մասով, չկա այդտեղ տարանջատում», – ասել է Տիգրան Ավինյանը տեսաուղերձում։

Նա նշել է, որ դեղին մամուլի հրապարակումները որոշակի հետք են թողնում նաև իր ընտանիքի վրա, իր հայրն էլ քաղաքականությամբ չի զբացղվում և դյուրին է տրվում պրովոկացիաներին:

«Ես գիտեմ, որ իմ հայրն այդպես չի մտածում, ես գիտեմ, որ այն դաստիարակությունը, որը ինքը ինձ է տվել, իր այս խոսացածի մասին չէր և շատ ցավում եմ տեղի ունեցածի համար», – ասել է Տիգրան Ավինյանը։

Երևանում ավտոկայանատեղիների սակագների մասին

2024 թվականի հունվարի 1-ից Երևանում սահմանվել են ավտոկայանատեղերի նոր սակագներ, որոնք հաշվարկվել են քաղաքի գոտիների հիման վրա։ «Ա» գոտում կայանման սակագներն են․

  • 300 դրամ՝ մեկ ժամի համար,
  • 2000 դրամ՝ մեկ օրվա համար,
  • 5000 դրամ՝ մեկ շաբաթի համար,
  • 18 000 դրամ՝ մեկ ամսվա համար,
  • 160 000 դրամ՝ մեկ տարվա համար։

«Բ» գոտում սահմանվել են կայանման հետևյալ սակագները․

· 200 դրամ՝ մեկ ժամի համար,

· 1 000 դրամ՝ մեկ օրվա համար,

· 2 000 դրամ՝ մեկ շաբաթի համար,

· 4 000 դրամ՝ մեկ ամսվա համար,

· 24 000 դրամ՝ մեկ տարվա համար։

2024 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչական դատարանը անօրինական ճանաչեց Երևանի կայանման սակագների բարձրացումը։ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է բողոքարկել որոշումը վերաքննիչ կարգով։