Սերժ Սարգսյանը նշել է այն ուժերը, որոնց «պրոեկտը» կարող է լինել Փաշինյանը (ՎԻԴԵՈ)
22:39
15 Փետրվարի 2021
ԵՐԵՎԱՆ15 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն, «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթության պատմությունն ու պատասխանել է այն հարցին, թե, արդյոք, Փաշինյանն իր «պրոեկտն է», թե ոչ։
«Այդ կապիտուլանտը իմ տեսադաշտում հայտնվել է 90-ական թվականների սկզբներին, և, ավելի ստույգ, 1993 թվականի վերջերին, երբ ես մի քանի ամսվա պաշտպանության նախարար էի, և բազմաթիվ հաջողություններից հետո մենք ռազմաճակատում որոշակի խնդիրներ ունեցանք, և այդ խնդիրները մանիպուլացնելով, իրականությանը չհամապատասխանող փաստեր բերելով, անհարկի քննադատելով՝ ուղղակի ցավ էր պատճառում մեզ, ոչ միայն ինձ, այլ նաև իմ մարտական ընկերներին», – ասաց Սարգսյանը։
Երկրորդ անգամ, նրա խոսքով, հանդիպել է 90–ականների վերջին դատարանում, իսկ երրորդ անգամ` 2018թ.–ին «Մարիոթ» հյուրանոցում։
«Որևէ այլ հանդիպում կամ միջնորդավորված կապ չի եղել։ Նույնիսկ միջնորդավորված որևէ կապ չի եղել, և ֆիզիկապես, նորից եմ կրկնում, այդ մարդուն ես տեսել եմ երեք անգամ», - նշեց Սարգսյանը:
Նա ասաց, որ ուրախ է, որ արդեն Փաշինյանի պաշտոնավարման օրոք էլ կապ չի եղել: «Ինչի համար ես ուրախ եմ, որովհետև ես այդպիսի ցանկություն չունեի»։
Նա հերքեց տարածված կարծիքը, թե Նիկոլ Փաշինյանն իր «պրոեկտն է»։
«Ինչ վերաբերում է, որ կապիտուլյանտը իմ նախագիծն է, դա ուղղակի զավեշտ է, ես այդպիսի նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր էր, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն պիտի խզբզեի։ Կապիտուլյանտը իմ նախագիծը չէ։ Նա այն ուժերի նախագիծն է, ում հետ ես երբեք որևէ ընդհանուր բան չէի կարող ունենալ։ Նրանց հետ ունեցել եմ միայն հակասություններ: Հակասություններ այն առումով, որ իմ պատկերացումները Հայաստանի և Արցախի զարգացման հարցում էապես տարբերվում էին այդ ուժերի պատկերացումներից», - ասաց Սարգսյանը:
Երրորդ նախագահի խոսքով, կապիտուլյանտին ընտրել է ժողովուրդը, «մեր խաբված ժողովուրդը՝ այդ ուժերի ուղղորդմամբ, և բոլոր նրանք, ովքեր այդ թեզը տարածում են, թող չփորձեն իրենց մեղքը բարդել ինձ վրա»։–0–
Կառավարությունը ընդունել է նախագիծ, որն ընդլայնում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մասամբ պիտանի համարվել զինվորական ծառայության համար։