Սա անընդունելի է, ինչի՞ պիտի քաղաքապետարանով բոլորով ավտոբուսի վարորդ փնտրենք․ Ավինյանը բարկացավ

13.01.2025, 12:23
Ավինյանը դժգոհություն է հայտնել քաղաքային ավտոբուսների վարորդների համալրման տեմպերից
Սա անընդունելի է, ինչի՞ պիտի քաղաքապետարանով բոլորով ավտոբուսի վարորդ փնտրենք․ Ավինյանը բարկացավ

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երկուշաբթի գործակարգավական խորհրդակցության ժամանակ դժգոհություն է հայտնել քաղաքային ավտոբուսների վարորդների համալրման տեմպերից։

Երևանի քաղաքապետարանի «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը տեղեկացրեց, որ անցած շաբաթվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել ավտոբուսի 90 վարորդ, կա 225 թափուր աշխատատեղ։

«Մենք ավտոբուսները ե՞րբ ենք ստացել, նոյեմբերին։ Հիմա տեսեք, այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում, այդպես էական չափով արդեն վարորդներ ընդունեցինք աշխատանքի, ճի՞շտ է, 90 հոգի: Այսինքն, եթե այս տեմպը սկսած նոյեմբերից պահպանեինք, այս ամբողջ խնդիրը լուծած կլինեինք: 340 աշխատակցի կարիք ունեինք, վստահաբար կհասցնեինք իրականացնելը: Հիմա խնդրում եմ՝ բացատրեք ինձ, թե ինչի այս նույնը չենք սկսել անել նոյեմբերից», – ասաց Ավինյանն՝ ինչին ի պատասխան Կիրակոսյանը նշեց, որ հաստիքացուցակը հաստատվել է դեկտեմբերի 30-ին, իսկ դրանից առաջ կառավարության որոշմանն էին սպասում, որպեսզի մաքսազերծում անեին:

Ավինյանն արձագանքեց. «Մենք հիմա գնում ենք էական փոփոխությունների տոմսային համակարգում, և մենք ի՞նչ ենք ասում մարդկանց: Ասում ենք՝ ժողովուրդ ջան, գիտեք, մենք նոր ավտոբուսներ ենք բերում, այն հին Hyundai-ները փոխում ենք, «Գազելները» արդեն 2023 թվականից չկան, այս ամեն ինչը իրականացնում ենք նրա համար, որ որակ բարձրացնենք, ու մարդիկ առաջին բանը, ինչ հունվարին տեսնում են ինչ-որ կիսատ-պռատ աշխատող գծերն են։ Ինչի պիտի էլի քաղաքապետարանով բոլորով ավտոբուսի վարորդ սկսենք փնտրել», – ասաց Ավինյանը։

«Հաստիքացուցակը առաջարկեիք շուտ, հերթագրեիք մարդկանց շուտ, 600 հոգի հերթագրեիք, 340-ին  հունվարի 3-ից գործի ընդունեիք։ 30% պակաս մարդ ունենք այսօրվա դրությամբ։ Սա անընդունելի է: Մարդիկ հունվար ամսվա ընթացքում պիտի տեսնեին լավ որակ, ի՞նչ են տեսնում, փոխարինված գծերում ժամերով սպասում են։  Ու մենք էլ ասում ենք՝ ժողովուրդ ջան, գիտեք, մի հատ էլ հլը միասնական տոմսային համակարգի անցեք, արդեն այդ հնարավորություններն էլ ենք ստեղծել, որ մի քիչ էլ ավել սպասեք», – ասաց Ավինյանը։