Քարոզարշավը` հայտարարություններով. ո՞վ ի՞նչ է ասել. ՑԻՏԱՏՆԵՐ

16.06.2021, 12:29
Քարոզարշավը` հայտարարություններով. ո՞վ ի՞նչ է ասել. ընտրել ենք ամենավառ ցիտատները
Քարոզարշավը` հայտարարություններով. ո՞վ ի՞նչ է ասել. ՑԻՏԱՏՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հունիսի 7–ին մեկնարկել է նախընտրական քարոզարշավը հունիսի 20–ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախընտրական քարոզարշավի ամենաքննարկվող մասնակիցների աղմկահարույց մեջբերումները, որոնք արժանացել են հասարակության բուռն արձագանքին։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն)

 - рис.1

«Ես հպարտ եմ նրանով... այո, մենք պարտվել ենք, և այս պարտության պատասխանատվությունը մերն ա։ Բայց այդ պարտության միջով անցնելիս մենք պահպանել ենք ամենակարևորը` ձեր աչքերի մեջ նայելու իրավունքը» 

«Համաձայն եմ, համաձայն եմ և Ալիևին էլ պաշտոնապես ասում եմ` որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց։ Պաշտոնապես ասում եմ` որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց»

«Ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի։ Ինձ չի հետաքրքրում` մասնավոր կլինի այդ հիմնարկը, հանրային կլինի...»

«Ես ուզում եմ ձեզ մի նորություն ասել՝ մենք դրախտում ենք ապրում, ժողովուրդ: Այս միտքը ծագում է շատ հաճախ, երբ ես Հայաստանի տարբեր հատվածներով շրջագայելու առիթներ եմ ունենում։ Անցնում եմ տարածքներով, որտեղով նախկինում չեմ անցել կամ, տարածքներով, որոնք նախկինում չեմ նկատել։ Մենք դրախտում ենք ապրում, բայց մինչև հիմա ի վիճակի չենք եղել և այսօր էլ չենք կարողանում մեր դրախտը վայելել։ Սա իրականում Ավետյաց երկիր է»

«Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ այո՛, նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը»

«Մենք կկոտրենք, կկտրեք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք»

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան («Հայաստան» դաշինք)

 - рис.2

«Նա լուզեր է (Փաշինյանը, խմբգր.), նա պարզապես սնանկ մարդ է։ Քաղաքական սնանկ է, և ես անհրաժեշտություն չեմ տեսնում այդ լուզերի հետ պայքարի մեջ մտնել»

«Կուզենայի գալ, կարգավորել և կրկին գնալ ազատ կյանք, որը համարում եմ վերջին երեսուն տարիների լավագույն հատվածը»

«Ո՞ր քաղաքական ուժը ունի բավարար փորձ, բավարար գիտելիքներ, բավարար վճռականություն և կամք։ Եվ իմ դիմումս հետևյալն է՝ մենք այդ որակները ունենք․․․ Մենք դա հաստատ ունենք, և մենք ունենք այն փորձը, որը ձեր աչքի առաջ է։ Մենք երբեք չենք ստել, ինչ խոստացել ենք, արել ենք» 

«Արտաքին քաղաքականության ոլորտում մենք կբացառենք «էժանագին ճարպկության» քաղաքականությունը։ Կվերականգնենք վստահությունը երկրի նկատմամբ` որպես կանխատեսելի գործընկեր։ Երկկողմ մակարդակում կառաջարկենք մեր ընկերներին նոր, հասկանալի օրակարգ»

«Գործող իշխանություններն աճ են ցույց տալիս երկու ցուցանիշով. գերեզմաններ և միգրացիա»

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյան («Պատիվ ունեմ» դաշինք)

 - рис.3

«Երդվում եմ, եթե ես լինեի Գերագույն գլխավոր հրամանատարը, և այսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի» 

«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 գերի բերի։ Այդ ժամանակ նա ամեն օր այդ խնդրով կզբաղվի» 

«Առաջիկա ընտրությունները մահը հաղթելու և վերհառնելու հնարավորություն են» 

«Հայաստանն այս դավաճանների պատճառով կորցրել է իր դաշնակիցների և գործընկերների հարգանքն ու վստահությունը: Այս պոպուլիստ ու անբարո իշխանությունը լավագույնս ջանացել է միայն մի հարցում, որ մենք ազգովի բզկտվենք,  թուլանանք, պարտվենք պատերազմում և դատապարտվենք դանդաղ մահվան: Հիմա հենց այդ վիճակում ենք» 

«1994 թվականից հետո մենք գերիներ չենք ունեցել, և ադրբեջանցիները ռիսկ չունեին դա անելու, ես չեմ ասում՝ հրաձգություն չի եղել, չեն փորձել դիվերսիա անել. այս ամենը եղել է, բայց գերինե՞ր» 

«Պատիվ ունեմ» դաշինքից վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյան

 - рис.4

«Այ դասալիք (դիմում է Նիկոլ Փաշինյանին, խմբգր.), դու ո՞վ ես, որ պատերազմ հաղթած նախագահի անունը փոխած արտասանես» (խոսքը Սերժ Սարգսյանի մասին է)

«Երեք տարի Հայաստանի նոր իշխանությունը մշտական հիմքով փչացնում էր հարաբերությունները ՌԴ–ի հետ։ Հիշեք կապիտուլյանտի և նրա պոպուլիստ թիմի բոլոր հայտարարությունները և կհասկանաք, թե ինչ է եղել։ Ես կարծում էի, որ Ռուսաստանը կարող էր իրեն ընդհանրապես այլ կերպ պահել։ Ռուսաստանը հստակ օգնում էր և շարունակում է օգնել։ Այսօր Արցախում մարդիկ ապրում են ռուս խաղաղապահների հովանավորության և պաշտպանության ներքո, պետք չէ դա մոռանալ» 

«Երկիրը կործանման հասցրած դավաճանող մոլագարն ամեն օր մեր ազգին բերում է նոր մահեր, նոր խայտառակություն, նոր գերիներ»

«Ես մի քանի օր առաջ բանաձևել եմ՝ Նիկոլ Փաշինյան=նոր պատերազմ,  Նիկոլ Փաշինյան=նոր պարտություններ,  Նիկոլ Փաշինյան=նոր զոհեր,  Նիկոլ Փաշինյան=նոր գերիներ։ Ցավոք սրտի, այս բանաձևը գործում է մինչ օրս։ Նիկոլը, ցավոք սրտի, կանգ չառավ ու շարունակեց իր պետականաքանդ գործունեությունը։ Հավատացած եղեք, մենք արտաքին թշնամուն կանգնեցնելու ենք մեր սահմաններից այն կողմ, Նիկոլին ու իր դավաճան խմբակին կանգնեցնելու ենք դատարանի, Աստծո ու ժողովրդի դատաստանի առաջ»։–0–