ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի բնակիչները դրախտում են ապրում։
«Ես ուզում եմ ձեզ մի նորություն ասել՝ մենք դրախտում ենք ապրում, ժողովուրդ: Այս միտքը ծագում է շատ հաճախ, երբ ես Հայաստանի տարբեր հատվածներով շրջագայելու առիթներ եմ ունենում։ Անցնում եմ տարածքներով, որտեղով նախկինում չեմ անցել կամ, տարածքներով, որոնք նախկինում չեմ նկատել։ Մենք դրախտում ենք ապրում, բայց մինչև հիմա ի վիճակի չենք եղել և այսօր էլ չենք կարողանում մեր դրախտը վայելել։ Սա իրականում Ավետյաց երկիր է», – ասել է Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ մենք ապրում ենք Եդեմի այգում, որի մեծ մասն անմշակ է։
«Եվ մենք, ապրելով դրախտում, ի վիճակի չենք եղել մեր հայրենիքը մեզ համար դրախտ դարձնել։ Մենք, ապրելով մեծ երկրում, չենք նկատել, որ ապրում ենք մեծ երկրում։ 2015-ին, երբ Սինգապուրի վարչապետը եկել էր Հայաստան, ասել է՝ դուք մեծ երկիր եք, ձեր խնդիրներն ուրիշ են: «Եվ այդ նախադասությունն ինձ ցնցեց: Նրա երկրի տարածքը 720 քմ է, որը Սևանա լճի մակերեսի 58 տոկոսն է: Եվ այդ երկիրը աշխարհի ամենամեծ ՀՆԱ ունեցող և բարեկեցիկ երկիրն է», – ասաց Փաշինյանը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում