Հրայր Թովմասյանն ու ՍԴ դատավորներից ևս մեկն արձակուրդ են գնացել

26.06.2020, 12:30
Հրայր Թովմասյանն ու ՍԴ դատավորներից ևս մեկն արձակուրդ են գնացել
Հրայր Թովմասյանն ու ՍԴ դատավորներից ևս մեկն արձակուրդ են գնացել

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը և Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը երեկվանից արձակուրդ են գնացել: 

Այս մասին հաղորդում է news.am–ը` հղում անելով ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին: 

Ղազարյանի խոսքով, նրանց արձակուրդների տևողությունները տարբեր են։ Ըստ այդմ՝ նրանք արձակուրդից կվերադառնան տարբեր օրերի։

Նշենք, որ այս գիշեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ։ Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։

«Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։ Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այս իրողությունը եւ առաջնորդվել ըստ այդմ»,  – գրել է նա Facebook–յան իր էջում։

Նշենք, որ նախօրեին ԲՀԿ–ն 26–ով ձայնով դիմել է Սահմանադրական դատարան։ Օրերս ԲՀԿ–ն որոշել էր կազմակերպել ստորագրահավաք, որպեսզի դիմի ՍԴ` վիճարկելու Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը՝ որակելով այն հակասահմանադրական։ Նրանց անհրաժեշտ էր հավաքել 27 ձայն։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց ՍԴ-ն ցրելու նախագիծը: Փոփոխություններով առաջարկվում է Սահմանադրության 213–րդ հոդվածի նոր խմբագրություն, որով մասնավորապես առաջարկվում է 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարել ավարտված: 

Քանի որ ընդունված նախագիծն ամիջականորեն վերաբերում է Սահմանադրական դատարանին, պատգամավորները դեմ քվեարկեցին, որպեսզի այդ փաստաթուղթը ներկայացվի ՍԴ ուսումնասիրությանը։

ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Հայաստանի իշխանությունները մի քանի ամիս առաջ նախաձեռնեցին 2020թ.–ի ապրիլին անցկացնել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, սակայն այն հետաձգվեց անորոշ ժամկետով կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Փոփոխությունների նախագծով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների լիազորությունները, բացառությամբ նրանց, ովքեր ընտրվել են 2015թ.–ից հետո (Վահե Գրիգորյան և Արմեն Դիլանյան)։ Հիմա, ըստ օրենքի, ՍԴ նախագահն ու անդամները պահպանում են իրենց պաշտոնները մինչև 65 տարեկան։

Միաժամանակ 2018թ.–ի գարնանն ուժի մեջ մտած 7–րդ կետի համաձայն, ՍԴ դատավորները կպահպանեն իրենց պաշտոնը միայն 12 տարի և ընդամենը մեկ ժամկետով։–0–