Հայտնի է, թե որ դատավորը կքննի Ծառուկյանի գործով վերաքննիչ բողոքները

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Վերաքնիչ քրեական դատարանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով բողոքները մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին:
Այս մասին հայտնում է news.am–ը`հղում անելով Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանին:
Աղբյուրի հաղորդմամբ, Վերաքննիչ դատարանում կքննվի 2 բողոք` Դատախազության բողոքը Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու առաջին ատյանի որոշման դեմ և Ծառուկյանի պաշտպանների բողոքը` մեղադրանքում հիմնավոր կասկածի նվազագույն շեմը հաղթահարված չլինելու վերաբերյալ:
Հունիսի 21-ին, առաջին ատյանի դատարանը մերժել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը:
Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին
Հունիսի 14–ին առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը:
Խուզարկությունից հետո ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ իր վրա գործադրում են քաղաքական ճնշում, սակայն ինքը հետքայլ չի անի:
Այնուհետև Ծառուկյանը կանչվել է ԱԱԾ հարցաքննության, որտեղ շուրջ 9 ժամ հարցաքննվելուց հետո դուրս եկել ԱԱԾ շենքից:
ԱԱԾ-ն նույն օրը տարածել է մի շարք հաղորդագրություններ:
Հաղորդագրություններից մեկը վերաբերում է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառված ավելի քան 29 միլիարդ դրամի վնասին:
Ըստ մյուս հաղորդագրության, բացահայտվել են 2017 թ.-ին ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ի կողմից ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր դեպքեր:
Իսկ ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց Առինջ համայնքի պաշտոնատար անձանց կողմից համայնքի բյուջեին 339.300.000 դրամի վնաս հասցնելու դեպքի մասին, որի առթիվ քրգործ է հարուցվել:-0-