Առինջ համայնքի պաշտոնատար անձանց կողմից համայնքի բյուջեին 339.300.000 դրամի վնաս հասցնելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական գործառույթները ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, «Նյու» ՍՊ ընկերության հիմնադիրների, մասնակիցների ու տնօրենի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ վարձակալությամբ տրամադրել են 7.5 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որտեղ համայնքի ղեկավարի որոշումներով ապօրինի կառույցներն օրինականցնելուց հետո և առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու որպես արտադրական շինություններ օտարել են վերը նշված ընկերությանը։ Դրանից հետո վարձակալության տրամադրված 7.5 հա հողատարածքը, որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ճանաչվել է ընկերության սեփականություն՝ դրա մասին անհրաժեշտ տեղեկություններ չտրամադրելով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-