Հայրենիքում տունն այժմ պարզապես երազանք չէ. «Ռաֆֆաել» ընկերությունը գործարկում է բացառիկ նախագիծ սփյուռքահայերի համար (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
14:37
06 Մայիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «ՌաֆՖաել» ՍՊԸ շինարարական ընկերությունը գործարկել է «Երազանքի տուն» նախագիծը, որի շրջանակում Հայաստանում նախատեսվում է կառուցել տներ հայերի համար, ովքեր բնակվում են իրենց պատմական հայրենիքի սահմաններից դուրս։ Առաջին «երազանքի տունն» արդեն կառուցվում է Մասիս գյուղում, որտեղ տեղի է ունեցել հիմնարկեքի արարողությունը։
«Ռաֆֆաել» ՍՊԸ–ն կօգնի երկրագնդի ցանկացած կետում գտնվող մարդկանց ձեռք բերել հողակտոր Հայաստանում և կառուցել տուն` բոլոր հարմարություններով, հաշվի առնելով անհատական նախասիրությունները։ Ընկերությունը համագործակցում է Հայաստանի, Եվրոպայի, Ամերիկայի, Ռուսաստանի լավագույն ճարտարապետների և դիզայներների հետ, ովքեր կգոհացնեն անգամ ամենախստապահանջ գնորդներին ։
Հարմարավետ ու ժամանակակից տներ` որպես գյուղերին նոր շունչ հաղորդելու միջոց
Ճարտարապետ Վլադիսլավ Գորչակովը նշեց, որ ստեղծողները ցանկանում են հայկական գյուղերում կառուցել ժամանակակից տներ, որտեղ կարելի է հարմարավետ ապրել։
«Սա իսկապես ժամանակակից տուն է` ժամանակակից կյանքին համապատասխան հարմարավետության մակարդակով, ինչը ենթադրում է զգալի թվով սանհանգույցներ, սպա, լողավազան, շահագործվող տանիք, որտեղ մարդիկ կարող են հանգստանալ և զմայլվել Արարատով», – նշեց նա։
Գորչակովը նաև նշեց, որ տունը ներառում է հետաքրքիր ճարտարապետական լուծումներ, ինչպես օրինակ շահագործվող տանիքն է, որը դառնում է հանգստի վայր։ Նա ուշադրություն դարձրեց այն փաստի վրա, որ նախագծում օգտագործվում են շինարարության ժամանակակից ձևեր և նյութեր։
«Տեսնու՞մ եք այս հիմքը։ Այն բավականին կոմպակտ է, բայց միաժամանակ նրա կոնստրուկցիան այնպիսին է, որ կդիմանա սեյսմիկ ծանրաբեռնվածությանը, աղետներին ու կծառայի հազարավոր տարիներ։ Այստեղ օգտագործված է այսպես կոչված մոնոլիտ բետոնե սալիկ` կոշտ հիմքերով», – ասաց նա։
Նրա խոսքով, տանը կից լինելու է լանդշաֆտային անկյուն, իսկ տարածքում` ավտոտնակ, լողավազան, տեխնիկական շինություններ, որոնք կապահովեն հարմարավետ և ավտոնոմ բնակություն։ Գորչակովը հայտարարեց, որ նույնիսկ մոսկովյան ամենահարմարավետ բնակարանում չեն լինի նման հարմարություններ։
«Հետաքրքրություն կա, մենք այն զգացել ենք` կյանքի կոչելով մեր ծրագիրը Մոսկվայում։ Մարդիկ ուզում են մոտ գտնվել իրենց ազգային արմատներին, քաղաքից դուրս բնակության վայրերին, այդ պատճառով փորձեցինք իրականացնել այս ծրագիրը Հայաստանում», – ասաց նա։
Ճարտարապետը տեղեկացրեց, որ տան շինարարությունը նախատեսվում է ավարտել այս տարվա սեպտեմբերին, իսկ մեկ տան շինարարությունն ընդհանուր առմամբ տևում է մոտ 6–8 ամիս։
«Այս նախագիծն իրականացնում ենք որպես պիլոտային։ Հենց այս նախագծով ուզում ենք ստեղծել հետաքրքրություն։ Մեր նախագծերի պորտֆելում կան տներ, որոնք նախատեսված են ցանկացած դրամապանակի, ընտանիքի անդամների թվաքանակի և բյուջեի համար Հայաստանի ցանկացած անկյունում», – նշեց նա։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է տունը կառուցվում հենց գյուղում` Գորչակովը նշեց, որ նպատակն է նոր կյանք հաղորդել Մասիսին։
«Որպեսզի մարդիկ չգնան քաղաք, այլ ապրեն գյուղում` հարմարավետ, ժամանակակից պայմաններում, այստեղ մեծացնեն իրենց երեխաներին, դաստիարակեն նոր սերունդ, որպեսզի նրանք «դու»–ով խոսեն բնության հետ։ Դուք չեք կարող պատկերացնել, թե երեկոյան ինչ տեսարան է բացվում դեպի Արարատ, պարզապես շունչդ կտրվում է», – ասաց նա։
Որակ և բացառիկ տեխնոլոգիաներ
«Ռաֆֆաել» ՍՊԸ–ի գլխավոր ինժեներ Խորեն Անանյանը նշեց, որ նախագծի նպատակն է մարդկանց հնարավորություն տալ կառուցել հարմարավետ տներ իրենց Հայրենիքում` Հայաստանում։
«Մենք գործարկել ենք «Ձեր երազանքի տունը» նախագիծը, որպեսզի արտերկրում բնակվող մեր հայրենակիցները հասկանան, որ կարելի է նույն հարմարավետ պայմաններով տուն կառուցել հայրենիքում` գյուղում», – ասաց նա։
Բրիտանացի դիզայներ, «Dyer» բյուրոյի ճարտարապետ Ֆիլիպ Բոլը նշեց, որ քանի որ շատ հայեր բնակվում են արտերկրում, այս ծրագրի միջոցով նախատեսվում է կառուցել բարձրակարգ տներ սփյուռքահայերի համար։
«Ընկերությունը զրոյից կառուցում է բարձրորակ տներ և հանձնում է դրանք սփյուռքահայերին», – ասաց նա։
Բոլն ընդգծեց, որ կարևոր գործոններից է տան հարմարավետ նախագծումը։ Նա նաև նշեց, որ սա իր առաջին համագործակցությունն է ընկերության հետ։
««Ռաֆֆաել» ընկերությունն աշխատում է որակի բարձր չափորոշիչներով, այդ պատճառով հայերը կարող են վստահել նրան» – նշեց նա։
True Project ընկերության ներկայացուցիչ Դարյա Մակուրովան իր հերթին հույս հայտնեց, որ ընկերությանը կհաջողվի ընդլայնել սահմաններն ու «խելացի տեխնոլոգիաները» բերել Հայաստան։
«Նախագիծը ստղծված է, որպեսզի մարդկանց հնարավորություն տրվի հայկական հողում կառուցել երազանքի տուն։ Եվ մենք, որպես տեխնոլոգիաների տեսանկյունից երազանքները կյանքի կոչող մարդիկ, նման նախագծերում ներդնում ենք «խելացի» տներ», – ասաց նա։
Մակուրովան պարզաբանեց, որ խելացի տունը համալիր մոտեցում է բոլոր ինժեներական համակարգերի կառավարման նկատմամբ (լուսավորություն, վարագույրներ, կլիմայական համակարգեր, մուլտիմեդիա և այլն) ոչ թե առանձին, այլ փոխկապակցված։ Նա նշեց, որ սա ընկերության առաջին «խելացի» տունն է Հայաստանում։
«Մենք հեռուն գնացող պլաններ ունենք նմանատիպ նախագծերում այն ընկերության հետ, որի հետ համագործակցում ենք։ Հետագայում, եթե մեզ ընդունի «հողը», ապա ուրախությամբ կընդլայնենք մեր աշխատանքն այստեղ։ Արևոտ երկիր, լավ մարդիկ, իսկապես ցանկություն է առաջանում միասին հոգով ստեղծել հետաքրքիր նախագծեր», – ասաց նա։–0–
Ռուբեն Վարդանյանը կինը հայտնել է, որ Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից