Հայաստանում ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում տեղական ժամանակով ժամը 20։00–ին փակվեցին բոլոր 2008 ընտրատեղամասերը։
Այսօր` հունիսի 20–ին, Հայաստանը նոր խորհրդարան էր ընտրում։
Ընտրական օրենսգրքի համաձայն, ձևավորվել է 13 ընտրատարածք, որոնցից 4–ը` Երևանում և 9–ը` մարզերում։ Ժամը 17։00–ի դրությամբ քվեարկել է 989 972 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 38,17%–ը։ ՀՀ ոստիկանությունը 16։00–ի դրությամբ ստացել է ընտրախախտումների վերաբերյալ 57 հաղորդում, որոնցից 20–ին տրվել է ընթացք, մնացած 37–ը ստուգվում են։ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցող ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 15:00-ի դրությամբ, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 15 նյութ։ Դրանցից 10-ը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.4-րդ և 149.2-րդ հոդվածներով նախատեսված՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելուն և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն։ Նշված դեպքերից վերջինի առթիվ հարուցվել է քրեական գործ, մնացած 14 դեպքերով լրացուցիչ նյութեր են նախապատրաստվում:
Ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացրել թվով 8 միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների ընդհանուր թվով 483 միջազգային դիտորդներ և 8749 տեղական դիտորդներ, որոնք ներկայացնում են ընդհանուր թվով 19 հասարակական կազմակերպություններ։ Այցելուի կարգավիճակով քվեարկության ընթացքին հետևելու իրավունք են ստացել 61 օտարերկրյա քաղաքացիներ։ Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է 68 զանգվածային լրատվության միջոցների թվով 749 ներկայացուցիչներ և 49 օտարերկրյա զանգվածային լրատվության միջոցների մոտ 135 ներկայացուցիչներ։
Ընտրություններին մասնակցում է 4 դաշինք և 21 կուսակցություն։ Դրանք են «Արդար Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային–քրիստոնեական կուսակցությունը, «Ազատություն» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը, «Միասնական Հայրենիքը», «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը, «Ազատ Հայրենիք» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, «Շիրինյան–Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը», «Ազգային օրակարգ» կուսակցությունը, «Վերելք» կուսակցությունը, «Ազատական» կուսակցությունը, Հայաստանի եվրոպական կուսակցությունը, «Ազգային–ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը։
Այս ընտրությունները Հայաստանի Հանրապետության պատմության մեջ երկրորդ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Առաջին արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 2018թ.–ի դեկտեմբերին` ապրիլյան «թավշյա» հեղափոխությունից մոտավորապես 6 ամիս անց։ Հեղափոխության արդյունքում իշխանության եկավ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։
Նոր խորհրդարանի ձևավորման անհրաժեշտության պատճառը 2020թ.–ին Ադրբեջանի կողմից սանձազերծած Արցախյան պատերազմում կրած պարտությունն է։ 2020թ.–ի նոյեմբերի 9–ին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարությունը, որը վերաբերում էր Արցախում ռազմական գործողությունների դադարին, դժգոհության ալիք առաջացրեց հայկական հասարակությունում։ Կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման պատճառով վրդովված հազարավոր քաղաքացիներ պահանջում էին Փաշինյանի հրաժարականը, կազմակերպվում էին բազմաթիվ հանրահավաքներ և բողոքի ակցիաներ։
Այս տարվա մարտի 18–ին նախագահի և խորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդյունքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2021թ.–ի հունիսի 20–ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Այս գործընթացի համար Փաշինյանը, ըստ ձեռք բերված համաձայնության, ապրիլի 25–ին հրաժարական տվեց և դարձավ վարչապետի պաշտոնակատար։
ՀՀ Սահմանադրության համաձայն, արտահերթ ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կառավարության ղեկավարը հրաժարական է տալիս և Ազգային ժողովը երկու անգամ չի ընտրում վարչապետ։
Մայիսի 3–ին և 10–ին ԱԺ–ն երկու անգամ չընտրեց Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում, ինչից հետո խորհրդարանը ցրվեց իրավունքի ուժով։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց 2021թ.–ի հունիսի 20–ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։–0–