ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին կայացած նիստում ՀՀ կառավարությունն ընդունեց նախագիծ, համաձայն որի մի շարք ոլորտներում դրամական գործառնությունները կիրականացվեն հիմնականում կամ բացառապես անկանխիկ եղանակով, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ նախագծի նպատակն է խթանել անկանխիկ դրամաշրջանառությունը, սահմանափակել կանխիկ դրամական գործառնությունների ծավալը և բարձրացնել տնտեսության մեջ հարաբերությունների թափանցիկությունը:
Իր հերթին, ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը նշել է, որ նախագծով սահմանում է մի շարք ոլորտներում անցում կատարել հիմնականում անկանխիկ գործառնությունների` ապրանքների օտարում և օգտագործում, աշխատանքի կատարում և ծառայությունների մատուցում, փոխառություններ, աշխատավարձեր, պետական բյուջեից և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներից կատարվող ցանկացած վճարում, կրթաթոշակներ, բժշկական կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում կատարվող բոլոր վճարումները, կենսաթոշակները, ֆինանսական ոլորտում իրականացվող գործողությունները, ինչպես նաև նոտարական ծառայությունների դիմաց վճարումները:
«2022 թ. հունվարի 1-ից ավելի քան 300 հազար դրամի չափով ապրանքների օտարման, օգտագործման և ծառայությունների մատուցման գործառնությունները կիրականացվեն բացառապես անկանխիկ: Աշխատավարձերի վճարումները, ինչպես նաև մի շարք այլ գործառնություններ կիրականացվեն անկանխիկ», – ասել է նա:
Այս համատեքստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ անհրաժեշտ է լրջորեն խթանել երկրում ժամանակակից չափանիշներին համապատասխանող ID քարտերի շրջանառությունը, պարզեցնել և ավելի հասանելի դարձնել էլեկտրոնային ստորագրությունների օգտագործումը, ինչպես նաև կապել այս երկուսը սմարթֆոններով, հեռախոսահամարներով և անձի ֆինանսական գործունեությամբ:
«Այս ոլորտներում զարգացումը շատ կարևոր է, որպեսզի մարդը կարողանա վճարումներ կատարի և բջջային հեռախոսով միջոցներ ստանա, գործառնություններ կատարի: Բջջային հեռախոսը պետք է դառնա անձի նույնականացման գործիք», - ասել է նա:–0–