Հանրապետության հրապարակում Իրանի քաղաքացիների մասնակցությամբ «Ղարաբաղ» երգի տեսանյութ տարածող անձը, դատարանի որոշմամբ, ազատ է արձակվել

02.02.2025, 10:41
Բաբայանին ձերբակալել էին Հանրապետության Հրապարակում ադրբեջաներենով «Ղարաբաղ» երգող անձանց տեսանյութը տարածելու համար
Հանրապետության հրապարակում Իրանի քաղաքացիների մասնակցությամբ «Ղարաբաղ» երգի տեսանյութ տարածող անձը, դատարանի որոշմամբ, ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը՝ Ղարիբ Բաբայանը, դատարանի որոշմամբ ազատ արձակվեց։ Այս մասին հայտնել է փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։ Ղարիբ Բաբայանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց։ 

Բաբայանի դեմ ընտրվել է վարչական հսկողություն և սահմանափակվել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։ 

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա 2025 թվականի հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քրեական վարույթով կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ղ․Բ․-ն 2025 թվականի հունվարի 30-ին իր կողմից օգտագործվող «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» անվամբ բաց հասանելիություն ունեցող ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հանրապետության հրապարակում օտարերկրյա մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ կատարված տեսագրություն և դրա էությունը խեղաթյուրող մեկնաբանություններ՝ այդ կերպ տարածելով քաղաքական և այլ հայացքներով, անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք։ 

Նշված արարքը կատարելու համար Ղ․Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։ 

Վերջինս ձերբակալվել է և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ 

Հիշեցնենք, որ հունվարի 30–ի երեկոյան սկանդալային տեսանյութ էր տարածվել համացանցում, որում մի խումբ անձինք Հանրապետության Հրապարակում ադրբեջաներեն երգում են «Ղարաբաղ» երգը։ Հհունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութի վերաբերյալ ԱԱԾ–ն պարզաբանել էր, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ։

Ղարիբ Բաբայանն արցախցի է, Ստեփանակերտի Մաշտոցի անվան համալսարանի նախկին պրոռեկտորն է։ 

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի խոսքով, Քննչական կոմիտեի տեքստը Հանրապետության հրապարակից տեսանյութի կապակցությամբ ամբողջությամբ անօրինական պրակտիկայի մասին է: 

«Դա քաղաքական իշխանությունների պաշտպանի տեքստ է: Այս գործն օգուտ է Հայաստանի դեմ ադրբեջանական քարոզչությանը, պաշտպանում է ադրբեջանական կեղծ թեզերը հայ ժողովրդի ու Հայաստանի նկատմամբ: Դեռ մարդուն էլ ապօրինաբար կալանքի են տանում ու հայտարարում, թե հարուցված քրեական հետապնդումը իշխանությանը և իրավապահ մարմիններին քննադատելու համար է: Սա ամբողջությամբ անօրինական, հակասահմանադրական է։ 70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով: Դա տեղին հարցադրումներով քննադատական խոսք է», – նշել է Թաթոյանը Facebook–յան իր էջում։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: