ՀՀ մուտք գործելու ընթացակարգը փոխվել է, ԱԳՆ–ն պարզաբանում է

13.01.2021, 20:46
ՀՀ մուտք գործելու ընթացակարգը փոխվել է, ԱԳՆ–ն պարզաբանում է
ՀՀ մուտք գործելու ընթացակարգը փոխվել է, ԱԳՆ–ն պարզաբանում է
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳՆ–ն պարզաբանում է ներկայացրել Հայաստան մուտք գործելու ընթացակարգում փոփոխությունների կապակցությամբ։

ՀՀ 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված և 2021թ. հունվարի 12-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարանտինի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ. հուլիսի 11-ը։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց համար Հայաստանի Հանրապետություն ցամաքային ճանապարհով մուտք գործելու սահմանափակումները վերացվել են և այսուհետ բոլոր օտարերկրացիները կարող են մուտք գործել ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով։ Հայաստանի Հանրապետության տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ» ,– նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով` հետազոտությունն իրականացրած բժշկական կառույցի բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով՝ նշելով հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով:–0–