Գյումրիում լքված նորածին տղան հանձնվել է խնամակալ ընտանիքի

16.07.2021, 15:03
Գյումրիում լքված նորածին տղան հանձնվել է խնամակալ ընտանիքի
Գյումրիում լքված նորածին տղան հանձնվել է խնամակալ ընտանիքի

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Գյումրիի «Ավտոկայան» թաղամասում լքված նորածինը երեկ՝ հուլիսի 15-ին, հիվանդանոցից դուրս է գրվել և հանձնվել է խնամակալ ընտանիքի։ 

Այս մասին հայտնում է news.am–ը` հղում անելով Գյումրիի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանին։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 3–ին Գյումրու «Ավտոկայան» թաղամասում նորածին տղա էր հայտնաբերվել։ Տան պարիսպի տակ երեխային նկատել էր պատահական անցորդը, նա  լսել էր երեխայի ձայնը, մոտեցել   ու  անմիջապես   ահազանգել ոստիկանություն ու  շտապօգնություն: Նորածինը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»:  Բնածին  արատ  երեխայի մոտ չի հայտնաբերվել:

Загружается новость ... "Лево"

«Հաջորդ քայլն արդեն որդեգրում է։ Եթե ընտանիքը ցանկություն ունենա, կարող է երեխային որդեգրել կամ էլ կարող է ամբողջ կյանքում որպես խնամակալ մնալ»,- նշել է Բաղրամյանը։

Նրա խոսքով՝ պաշտոնապես համայնքապետարանին երեխայի խնամակալության համար երկու ընտանիք է դիմել, սակայն մինչև երեկ էլ երեխայի ճակատագրով հետաքրքրվող շատ մարդիկ են զանգահարել։

«Երեխային խնամակալ ընտանիքին հանձնելիս հանձնաժողովը մանրակրկիտ ուսումնասիրություններ է կատարել և հաշվի է առել ընտանիքի սոցիալական վիճակը, ծնողների կարգավիճակը, նրանց շփումը երեխայի հետ և շատ այլ հանգամանքներ։ Սա էր պատճառը, որ գործընթացը ձգձգվում էր»,- ասել է Էդվարդ Բաղրամյանը։

Հարցին, թե ինչ կլինի եթե երեխայի մայրը գտնվի, Բաղրամյանն ընդգծել է, որ այս պահին հնարավոր չէ կանխատեսումներ անել, քանի որ ամեն ինչ կախված հարուցված քրեական գործի ընթացքից։

«Կապված է մոր պատժելիության հարցից։ Նա կարող է հրաժարվել երեխայի խնամքից կամ հակառակը՝ ցանկություն հայտնի նրան վերադարձնելու»,- նշել է Էդվարդ Բաղրամյանը։

Էդվարդ Բաղրամյանը հավելել է, որ երեխան արդեն անուն ունի, սակայն հանձնաժողովն այս պահին ցանկանում է պահպանել գաղտնիությունը։

Նորածին լքելու փաստով հարուցված է քրեական գործ քրեական օրենսգրքի 34-106 հոդվածի հատկանիշներով՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությունը, որը ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով։–0–