Երբեք չէի մտածի, որ կյանքը կդասավորվի այնպես, որ մի օր որևէ հարցի շուրջ կլինենք տարբեր բևեռներում. ՍԴ դատավոր Ալինա Գյուլումյանն Էջմիածին քաղաքապետի մորաքույրն է. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Էջմիածին քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտարարել է, որ ՍԴ դատավոր Ալինա Գյուլումյանն իր մորաքույրն է, հայտնում է armlur–ը։
«ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն իմ մորաքույրն է, ում սիրում եմ յուրօրինակ, լուռ, անգամ մի փոքր ամոթխած սիրով», – ասել է Գասպարյանը։
Նշենք, որ Իմքայլականների կողմից միաձայն ընդունված Սահմանադրական փոփոխություններով, նրա լիազորությունները դադարեցվելու են:
Քաղաքապետը պատմում է, որ իր մասնագիտության ընտրության հարցում ամենամեծ ներդրում ունեցած մարդն է տիկին Գյուլումյանը:
«Երբեք չէի մտածի, որ կյանքը կդասավորվի այնպես, որ մի օր որևէ հարցի շուրջ կլինենք տարբեր բևեռներում, բայց անգամ երբ դա տեղի ունեցավ, տիկին Գյուլումյանը չդավաճանեց իր ոճին, իր մարդկայնությանն ու հոգատարությանը: Այսպես, մեկ անգամ հանդիպեցինք այն ժամանակահատվածում, երբ քարոզում էի «ԱՅՈ» ասել հանրաքվեին, որի արդյունքում մորաքույրս անցնելու էր թոշակի: Շատ քաշված էի, մեղքի զգացում ունեի, բայց նրա մոտ չտեսա մեղադրանքի, նեղացվածության նշույլ անգամ, իսկ հայացքում կարդացվում էր «Բալե՛ս (ինձ հաճախ այդպես է դիմում), անում ես այն, ինչին հավատում ես կամ ինչ պարտավոր ես, մի՛ նեղվիր», – հիշում է նա:
Նախօրեին ԱԺ–ն ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է ցրել Սահմանադրական դատարանը։ Այսպես, Սահմանադրության 213–րդ հոդվածի նոր խմբագրությամբ դադարեցվում են ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ այն դատավորների լիազորությունները, ովքեր պաշտոնավարում են ավելի քան 12 տարի։ Մնացած դատավորները շարունակում են աշխատել մինչև այդ ժամկետի լրանալը։ ՍԴ նոր նախագահը պետք է ընտրվի 6 տարի ժամկետով։
Քանի որ ընդունված նախագիծն ամիջականորեն վերաբերում է Սահմանադրական դատարանին, պատգամավորները դեմ քվեարկեցին, որպեսզի այդ փաստաթուղթը ներկայացվի ՍԴ ուսումնասիրությանը։–0–