ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ երկրում արտակարգ դրության ռեժիմի հետ կապված սահմանափակումներն առաջիկա 10 օրում կխստացվեն։
«Հաջորդ 10 օրերի ընթացքում մարտավարությունը կարող է կրկնակի փոխվել, և սահմանափակումները կխստացվեն։ Մենք պետք է վերահսկողությունն ավելի արդյունավետ դարձնենք», – ասաց Ավինյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։
Նա տեղեկացրեց, որ ոստիկանության ուժերին կմիանան այլ կառույցների աշխատակիցներ։
Загружается новость ... "Лево"
Փոխվարչապետի խոսքով, լրացուցիչ ուժերի ներգրավումն իրականացվում է վերահսկողության արդյունավետության բարձրացման համար։
Խոսելով հետագա քայլերի և ավելի խիստ սահմանափակումների անհրաժեշտության պատճառների մասին` Ավինյանը նշեց, որ կանխարգելիչ աշխատանքները, ինչպես նաև քաղաքացիների տեղաշարժի, գործունեության որոշ տեսակների սահմանափակումն ունեն մեկ նպատակ` նվազեցնել հիվանդացության տարածման ինտենսիվությունը։
«Որպեսզի մեկ վարակակիրը վարակի միջինը մեկ մարդու», – պարզաբանեց նա։
«Եվս 10 օր խստացված ռեժիմը թույլ կտա մեզ լայնամասշտաբ իրականացնել կանխարգելման և մեկուսացման աշխատանքները, օգնել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին արդյունավետ հայտնաբերել այն մարդկանց, ովքեր շփվել են վարակակիրների հետ և մեկուսացնել նրանց», – ասաց Ավինյանը` հավելելով, որ նախորդ շաբաթ ներդրված սահմանափակումների արդյունքում պարզվել է, որ մարդկանց տեղաշարժն էականորեն կրճատվել է, իսկ դա իր հերթին դրական է ազդում վիրուսի տարածման կանխարգելման վրա։
«Բայց մենք նաև հասկանում ենք, որ տեղաշարժման այս սահմանափակումները չեն կարող տևել անվերջ և գնում ենք այն երկրների օրինակով, որոնք կարողացել են արդյունավետորեն կանխել և մեկուսացնել, բացահայտել վարակի շղթաները, կանխել դրանք ինչ–որ կետում և շարունակել վարել սովորական կենսակերպ», – ասաց Ավինյանը։
Նշենք, որ մարտի 31–ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 532 դեպք, 31 մարդ բուժվել է, 3 մարդ, ցավոք, մահացել է։–0–