Ադրբեջանը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին. ՊՆ (ՎԻԴԵՈ)

14.09.2022, 19:30
Ադրբեջանը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին. ՎԻԴԵՈ
Ադրբեջանը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին. ՊՆ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայ-ադրբեջանական սահմանին ժամը 18.00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ: Ժամը 15.00-ից 17.00-ն ընկած հատվածում Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը:

Այս մասին հայտարարեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Նա նշեց, որ լայնորեն կիրառվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր:

«16.40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Այս պահին հրդեհը մարվել է: Ժամը 17.00-ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը թուլացել է»,-ասաց նա:

ՀՀ ԶՈՒ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները թշնամուն համարժեք պատասխանելու համար:

Նրա խոսքով, հայկական կողմի զոհերի այս պահին հաստատված թիվը` 105, հրապարակվել է քիչ առաջ վարչապետի կողմից, իսկ վիրավորների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար գործում է պաշտպանության նախարարության թեժ գծի 1-28 հեռախոսահամարը:

Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով:-0-